Այս պայմաններում արցախահայերը շուտով սովի համաճարակի մեջ կարող են հայտնվել․ Արամ Ա-ն` միջազգային համայնքին

Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսը միջազգային համայնքին կոչ է արել հնարավոր բոլոր միջոցներով միջամտել, որպեսզի Ադրբեջանի կողմից փակված Լաչինի միջանցքը, որը Արցախի ու Հայաստանի միջև միակն կապն է, վերաբացվի:

«Ադրբեջանի այս քայլը ցեղասպանության դրսևորում է, քանի որ այս պայմաններում արցախահայերը  շուտով հիվանդության ու սովի համաճարակի մեջ կարող են հայտնվել: Հետևաբար, միջազգային համայնքն իրավունք չունի անտարբեր և լուռ մնալու մարդասիրական ու մարդկային հիմնական օրենքների և սկզբունքների խախտմանը»,-շեշտել է վեհափառ հայրապետը։

Արամ Ա կաթողիկոսի կոչը փոխանցվել է միջեկեղեցական, միջկրոնական և միջազգային այլ կազմակերպությունների:

Դեկտեմբերի 12-ի առավոտյան ժամը 10:30-ից մի խումբ ադրբեջանցիներ` բնապահպանական պատճառաբանություններով, փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղու Շուշի-Քարին տակ հատվածը։