Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի եռակողմ հայտարարությունը ենթադրում է բոլոր կողմերի կողմից պարտադիր կատարում․ ՌԴ ԱԳՆ

Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի եռակողմ հայտարարությունը ենթադրում է բոլոր կողմերի կողմից պարտադիր կատարում։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով պնդումներն այն մասին, որ եռակողմ հայտարարությունը կատարում է միայն հայկական կողմը, իսկ Բաքուն կարող է հանգիստ խախտել այն, չազատել գերիներին, ԼՂ-ում նոր տարածքներ գրավել, արգելափակել Հայաստանը և Ղարաբաղը կապող ճանապարհը։

«Եռակողմ հայտարարությունը ենթադրում է, որ այն բոլոր երեք պետությունների կողմից կատարման համար պարտադիր է և հավասարարժեք կողմերի պարտավորությունների տեսանկյունից։ Նրանք ոչ թե պարզապես ստորագրել են, այլ մշակել այդ պայմանավորվածությունները։ Բոլոր փաստաթղթերը ստորագրել են կողմերը և մշակել կոլեկտիվ հիմունքներով»,-ասել է Զախարովան։

Նա նաև նշել է, որ ոչ ոք չպետք է կասկածի տակ դնի այդ փաստաթղթի հավասարարժեք լինելը։ «Բոլորը պետք է կատարեն այն, ինչի տակ ստորագրել են»,-հավելել է նա։