Էջմիածինը հնչեցրել է համախմբման զանգը, բայց այդ զանգը լսող չկա՝ զանգն է զուր (տեսանյութ)

Արմինե Սիմոնյանի «Մենք» հեղինակային հաղորդաշարի հյուրը Շիրակի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն է:

Դեկտեմբերի 12-ից Ադրբեջանը փակել է Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը` Լաչինի միջանցքը։ Դադարեցված է Արցախի գազամատակարարումը։ Ադրբեջանը խախտել է միջազգային հումանիտար իրավունքի բոլոր նորմերը՝  ստեղծելով հումանիտար ու անվտանգային ճգնաժամ Արցախում։ Ադրբեջանի նպատակը Արցախի հայաթափումն է: Իսկ ի՞նչ է անում  ՀՀ իշխանությունը, որը 44-օրյա պատերազմից հետո ժողովրդին հավատացնում,  վստահեցնում էր,  թե գնում ենք խաղաղության դարաշրջան բացելու՝ Հայաստանում, Արցախում  խաղաղություն հաստատելու ճանապարհով։ Այդ ի՞նչ օրակարգ է,  որ հայերիս կանգնեցրել է նոր  պատերազմի,  ցեղասպանության վտանգի առաջ։

Շիրակի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը, մասնավորաբար, ասել է․

  • Մենք «խաղաղության օրակարգի» իրականացման մեջ ենք, այս ամենը դրա համատեքստում է։ Միակողմանի խաղաղություն՝ նվաստացուցիչ պայմաններով, ամեն գնով խաղաղություն, միայն խաղաղություն․ այս սցենարով առաջ ենք գնում ու Արցախի շրջափակումը հենց այդ նույն սցենարի մեջ է։
  • Վաղը կհայտարարեն, հո մենք 150 000 բնակչի համար պատերազմ չե՞նք սկսի, և այսօր ժողոովրդին պատրաստում են դրան։ Եթե այսպես շարունակվի, Արցախում մեր սիրելի ժողովրդին սպառնում է առնվազն բռնագաղթ, իսկ բռնագաղթը ցեղասպանության է։ Այս իշխանությունն իր հույսը դրել է մեր ժողովրդի որոշակի գենետիկ հատկության վրա, որ կարող է ցանկացած կատաստրոֆա մարսել, ինչպես որ մարսեց Հայոց ցեղասպանությունը, կարող է մարսել նաև Արցախի կորուստը։ Ու դա կլինի ողբերգական։
  • Հայության ու Հայաստանի Հանրապետության ապագան դրված է լուրջ հարցականի տակ։
  • Սրանք ժողովրդին պատրաստում են ցեղասպանության, որ ժողովուրդը վարժվի ու կարողանա մարսել։ Դա կլինի Հայաստանի Հանրապետության՝ հայերի հայրենիքին վերջին մահացու հարվածը։
  • Բոլորին պարզ է, եթե Արցախը մնա Ադրբեջանի կազմում, ուրեմն Արցախը չի լինի հայաբնակ, սա ոչ մեկի համար գաղտնիք չէ։ Հայությունը Ադրբեջանի իշխանության ներքո չի կարող ապրել։
  • ՀՀ պարտավոր է պաշտպանել իր քաղաքացիներին, որտեղ էլ նրանք բնակվեն։ Արցախի հայ բնակչությունը ՀՀ քաղաքացիներ են, ունեն ՀՀ անձնագիր, և եթե նրանց սպառնում է վտանգ, ցեղասպանություն, ապա Հայաստանն իրավասու է ու նաև պարտավոր պաշտպանել մեր ժողովրդին՝ ցանկացած ձևով ու միջոցով։ Այլ բան է, որ այս իշխանությունն այնպես է արել, որ այս երկիրը գրեթե ձև ու միջոց չունի պաշտպանվելու, ու հիմա փաստի առաջ են կանգնեցրել հայ ժողովրդին։
  • Եթե իշխանական պատգամավորները համարում են, որ Արցախը Ադրբեջանի մաս է՝ դա աղետ է, և փաստում է պետական մտածողության իսպառ բացակայության մասին։ Այս իշխաությունը շարունակում է աղետ բերել մեր գլխին ու և դա փանջունիաբար ներկայացնել՝ որպես փրկություն։
  • Դատապարտված ենք հայկականության պարտության։
  • Թուրքիան ու իր կրտսեր եղբայրը չեն թաքցրել իրենց ցանկությունը․ իրենց ծրագիրը հստակ է՝ Հայաստանը վերածել ռեզերվացիայի՝ բանուկ ճանապարհի Թուրքիայի ու Ադրբեջանի միջև։ Հայերը իրավունք կուենան ապրել ազատ ու երջանիկ միայն թուքական հսկողության ներքո, թուրքական տնտեսական թելադրանքով, բանակ ունենալու իրավունքից զրկված, հետո իրենց ազգանունները կփոխեն, բայց կլինեն կուշտ ու երջանիկ․․․
  • Թուրքիայի նպատակն է Հայոց ցեղասպանությունը մարսելը։ Քանի որ 1915-ին չկարողացան հասնել իրենց ամբողջական նպատակին, չկարողացան իսպառ ոչնչացնել հայությանը, հիմա անհրաժեշտ են համարում սահմանափակել հային՝ զրկելով նրան իր ինքնությունից, իր բանակից, ու պահելով թուրքական աչալուրջ հսկողության ներքո։ Նրանց նպատակն է Հայաստանը դարձնել Էրմենիստան։ Եվ այս իշխանությունը պատրաստ է այդ ծրագրի իրագործմանը։ Իսկ 100 տարի հետո Էրմենիստանը կդառնա թուրքալեզու մի երկիր, կդառնա երրորդ թուրքական պետությունն այս տարածաշրջանում, ուր հայերը կապրեն որպես կրոնական փոքրամասնություն, ինչպես ասորիները Սիրիայում, որն իրենց երկիրն է, ինչպես ղպտիները Եգիպտոսում, որը ղպտիների հայրենիքն է։ Հայերն էլ կապրեն Հայաստանում, բայց որպես կրոնական փոքրամասնություն, Հայաստանն էլ  կդառնա  Էրմենիստան՝ բովանդակությամբ երրորդ թուրքական պետությունը տարածաշրջանում։ Հայաստանը չի լինի հայերի երկիր, այլ կդառնա հայաստանցիների երկիր, իսկ հայաստանցի կարող է լինել ցանկացած էթնիկ ծագում ունեցող մարդ։
  • Էջմիածինը հնչեցրել է համախմբման զանգը, բայց այդ զանգը լսող չկա, այո, զանգն է զուր, ու սա ցավալի է։
  • Այսօր եկեղեցին չունի այդ կարողունակությունը, բայց ունի պատրաստակամություն՝ իրականացնելու համախմբման իր առաքելությունը։  Բայց մեր հասարակության զգալի շերտը եկեղեցուն ասում է՝ մի խառնվիր քաղաքականության մեջ։ Ծուռ հայելիների թագավորության մեջ եկեղեցականն ի՞նչ կարող է անել։ Չկա եկեղեցու առաջնորդների շուրջ համախմբում, որևէ գաղափարի շուրջ էլ չկա համախմբում, ինչից էլ օգտվում է այս իշխանությունը։
  • Ամենուր ասֆալտապատում են անում, դա լավ է, բայց դա հայրենիքիս չի փոխարինում, ես դա չեմ կարող ընդունել Արցախի փոխարեն՝ Քարվաճառի Բերձորի փոխարեն։
  • Հայ ժողովուրդը պետք է համախմբվի եկեղեցու շուրջ ու եկեղեցին իր խոսքը կասի։ Եթե դուք ուզում եք, որ եկեղեցականը դուրս գա փողոց ու ցույցեր ղեկավարի՝ դա չի կարող անել հոգևորականը։ Իսկ երբ ժողովուրդը հավաքվի եկեղեցու շուրջ, ապա հոգևորականն իր առաջնորդությունը կանի։ Եկեղեցականը չի կարող ինքնափիառով զբաղվել ու ասել՝ ահավասիկ, ես այստեղ եմ, եկեք ձեզ ղեկավարեմ։ Ա՛զգը պիտի գնա դեպի եկեղեցի ու համախմբվի Եկեղեցու շուրջ։

Հարցազրույցն ամբողջությամբ դիտեք տեսանյութում։