Եթե ՌԴ խաղաղապահներին միջազգային մանդատ տրվի, նրանք խաղաղություն պարտադրելու լիազորություն կունենան (տեսանյութ)

Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհի փակման վերաբերյալ միջազգային հանրության արձագանքը պետք է վերածվի ճնշման։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Արցախի Արտգործնախարարի պաշտոնակատար Դավիթ Բաբայանը։

«Բազմաթիվ արձագանքներ կան, այսպես կոչված՝ արձագանքի առաջին փուլ, բայց դրանից հետո պետք է կոնկրետ գործի անցնել։ Որպեսզի Ադրբեջանը դադարեցնի այս ցեղասպանական քայլը, պետք է նրա վրա քաղաքական ճնշում լինի, այդ ճնշումը դեռ չենք տեսնում, գուցե դեռ չենք զգում, երբ ճանապարհը բացվի՝ կերևա։ Ըստ երևույթին, Ադրբեջանը ապտակում է նաև միջազգային հանրությանը»,– ասաց Դավիթ Բաբայանը։

Նրա խոսքով, ռուս խաղաղապահներին պետք է միջազգային մանդատ տրվի, որ նրանք խաղաղություն պարտադրելու լիազորություն ունենան։

«1980 խաղաղապահը քիչ է, դա սիմվոլիկ թիվ է։ Անհրաժեշտ է, որ խաղաղապահների թիվն ավելանա, ինչքան շատ՝ այնքան լավ։ Շուշիի մատույցներում տեղակայված է 10-15 խաղաղապահ, մենք ասում ենք՝ ավելացրեք խաղաղապահների թիվը։ Նրանց տվեք միջազգային մանդատ, որ լիազորություն ստանան խաղաղություն պարտադրել, ինչպես արվում է Կոսովոյում, Բոսնիայում։ Եթե միջազգային մանդատ տրվի, ապա ոչ ոք չի կարող գալ եւ ճանապարհը փակել, ցանկացած մարդ, ով առանց զգուշացնելու կարող է գալ, նրանք կարող են կրակել, սա է մանդատը, որ Ադրբեջանը զուսպ լինի,- ասաց Դավիթ Բաբայանը։

Մանրամասները՝ տեսանյութում