Զախարովան՝ Լաչինի միջանցքի փակման մասին

ՌԴ արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ամենաշաբաթյա ճեպազրույցի ժամանակ անդրադարձել է Ադրբեջանի կողմից Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհի՝ Լաչինի միջանցքի փակմանը, գրում է ՌԻԱ «Նովոստի»-ն:

«Մեզ անհանգստացնում է Լաչինի միջանցքի արգելափակումը, դա պայմանավորված է հանքավայրերի շահագործման վերաբերյալ կողմերի տարաձայնություններով։ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը և ռուսական խաղաղապահ զորախումբն այս օրերին ակտիվորեն աշխատում են իրավիճակը ապաէսկալացնելու ուղղությամբ։ Մենք անհամբեր սպասում ենք առաջիկայում տրանսպորտային կապերի լիարժեք վերականգնմանը», – ասել է նա։

Զախարովան շեշտել է, որ ռուս խաղաղապահների վերահսկողության տակ գտնվող Լաչինի միջանցքն ապահովում է Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի կապըբ և եռակողմ պայմանավորվածությունները ստորագրելիս կողմերը ստանձնել են համապատասխան պարտավորություններ, որոնք պետք է անշեղորեն պահպանվեն։

«Քաղաքացիական բնակչության կենսագործունեության համար խոչընդոտների ստեղծումն անընդունելի է»,- շեշտել է Զախարովան:

Դեկտեմբերի 12-ի առավոտյան մի խումբ ադրբեջանցիներ, ներկայանալով «բնապահպաններ», փակել են Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը՝ Լաչինի միջանցքը։ Բացի այդ դադարեցվել է Արցախի գազամատակարարումը: