ԱՄՆ կոնգրեսի հայկական հարցերով հանձնախումբը կոչ է անում կանգնեցնել Ադրբեջանի կողմից ստեղծված ակնհայտ շինծու ճգնաժամը

Մտահոգիչ է այն փաստը, որ Ադրբեջանի ժողովրդին թույլատրվում է ազատ բողոքել միայն այն ժամանակ, երբ դա սպառնում է հայերի կյանքին։ Այս մասին հայտարարություն է տարածել Ամերիկայի Միացյալ Նահանգների Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախումբը՝  հանձնախմբի համանախագահ Ֆրանկ Փալոնը, կոնգրեսականներ Ջեկի Շփեյերը, Գուս Բիլիրակիսը, Ադամ Շիֆը։

«Մենք դատապարտում ենք Ադրբեջանի ագրեսիվ գործողությունները Լեռնային Ղարաբաղում։ Մտահոգիչ է այն փաստը, որ միակ դեպքը, երբ ադրբեջանցի ժողովրդին թույլատրվում է ազատ բողոքել, այն է, երբ դա սպառնում է հայերի կյանքին։ Նրանց Լաչինի միջանցքի շրջափակումը, ըստ երևույթին, համակարգված է և ուղղված է Արցախի մեծ մասին պարենի, դեղորայքի, տրանսպորտի և առաջին անհրաժեշտության այլ ապրանքների մատակարարման միակ մնացած երթուղին արգելափակելուն, էլ չենք խոսում Արցախի ժողովրդի տեղաշարժի ազատության հետագա սահմանափակման մասին։

Լրացուցիչ հաղորդագրություններում նշվում է, որ Ադրբեջանը նաև անջատել է տարածքում քաղաքացիական բնակչության համար բնական գազի հիմնական աղբյուրներից մեկը՝ ջերմաստիճանի կտրուկ անկման պատճառով տասնյակ հազարավոր մարդկանց թողնելով առանց ջեռուցման, ինչպես դա եղել էր այս տարվա մարտին:

Ադրբեջանի կողմից կենսաապահովման այդ կենսական գծերի փակումը կամ նույնիսկ անջատման սպառնալիքը հերթական անգամ կրիտիկական ենթակառուցվածքը վերածում է զենքի և հումանիտար ճգնաժամ է ստեղծում Լեռնային Ղարաբաղում բնակվող հայերի համար։

Սա հետևում է հայ ժողովրդի նկատմամբ չարաշահումների լավ փաստագրված սխեմային, որը պայմանավորված է Ալիևի ռեժիմի ճոռոմ հռետորաբանությամբ ՝ ուղղված նրանց ապամարդկայնացմանը։

Մենք կոչ ենք անում Միացյալ Նահանգներին և մեր եվրոպացի գործընկերներին օգտագործել իրենց տրամադրության տակ եղած բոլոր դիվանագիտական գործիքները, որպեսզի կանգնեցնեն Ադրբեջանի կողմից ստեղծված ակնհայտ շինծու ճգնաժամը, ԵԱՀԿ Մինսկի խմբի և այլ բազմակողմ խաղաղ գործընթացների միջոցով Ալիևին վերադարձնեն բանակցային սեղան և ապահովեն Արցախի ժողովրդի մասնակցությունն այդ քննարկումներին» ։

Հիշեցնենք, որ, քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ, որոնք ներկայացել են իբր բնապահպաններ, դեկտեմբերի 12-ի առավոտյան փակել են Ստեփանակերտ-Գորիս ավտոճանապարհը։ Նրանք տարածքում՝ հենց Գորիս-Ստեփանակերտ ճանապարհին, վրաններ են տեղադրել։

Նշենք նաև, որ դեկտեմբերի 13-ին երեկոյան ժամերին Ադրբեջանը դադարեցրել է Արցախի Հանրապետության գազամատակարարումը։ Եղանակային նման պայմաններում երկնագույն վառելիքի մատակարարման դադարեցումը հումանիտար ու տնտեսական ահաբեկչություն է, որը հետևողականորեն իրականացնում է Ադրբեջանը Արցախի խաղաղ բնակիչների դեմ: