Արցախը ԵՄ-ից ակնկալում է հասցեական գնահատականներ և պատժամիջոցներ Ադրբեջանի դեմ․ Դավիթ Բաբայան

Արցախը ԵՄ-ից ակնկալում է հասցեական գնահատականներ և պատժամիջոցներ Ադրբեջանի դեմ։ Այս մասին Երևանում կայացած ասուլիսում հայտարարեց Արցախի ԱԳ նախարարի պաշտոնակատար Դավիթ Բաբայանը։

Պատասխանելով հարցին, թե ինչ է ակնկալում Արցախը ԵՄ-ից՝ հաշվի առնելով, որ դիտորդական առաքելությունը կտևի մինչև դեկտեմբերի 19-ը և չի շարունակվի, նախարարը նշեց, որ Ստեփանակերտը ԵՄ-ից ակնկալում է համարժեք հասցեական գնահատական։ «Մարդասիրական աղետ, ցեղասան քաղաքականություն է տեղի ունենում։ Մենք արդեն մի շարք պաշտոնական նամակներ ենք ուղարկել Եվրոպական տարբեր կառույցների։ Հույս ունենք, որ կոնկրետ քայլեր կձեռնարկվեն և կլինեն հասցեական գնահատականներ ու պատժամիջոցներ Ադրբեջանի դեմ։ Անտարբերությունը ամենավտանգավոր դրսևորումներից է»,-նշեց Բաբայանը։

«Արցախի՝ 29 ժամ տևած տոտալ բլոկադան փաստ է։ Ինչ վերաբերում է նրան, թե արդյոք Ադրբեջանի կողմից կլինեն ավելի մասշտաբային գործողություններ, թե՝ ոչ, ինչ-որ չափով կախված է միջազգային հանրության համապատասխան արձագանքից։ Եթե չլինի արձագանք, լինի անտարբերություն, ապա դա կհանգեցնի ագրեսիայի»,-ասաց Բաբայանը։

Նրա խոսքով՝ այդ դեպքում Ադրբեջանը կշարունակի լկտի պահվածքը, կդիմի անթույլատրելի քայլերի՝ փորձելով սովամահ անել մի ամբողջ ժողովրդի, հավելեց Բաբայանը։