Դավիթ Հարությունյանը և իր թիմը փոքր ՀԷԿ-երի հայ ներդրողների անունից հայց են ներկայացրել Ադրբեջանի դեմ

Պատերազմից հետո Ադրբեջանի վերահսկողության տակ են հայտնվել փոքր ՀԷԿ-եր, որոնց հայ սեփականատերերը միջազգային արբիտրաժային վարույթ են սկսել Ադրբեջանի դեմ՝ իրենց սեփականությունը յուրացնելու բողոքով: Փոքր ՀԷԿ-երի 19 հայ սեփականատերերի շահերը ներկայացնում է իրավաբանական բավականին լուրջ թիմ, այդ թվում՝ արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանի փաստաբանական գրասենյակն ու անձամբ նախկին նախարարը:

Aravot.am-ի հետ զրույցում Դավիթ Հարությունյանը հարցին՝ ո՞ր փուլում է գործի ընթացքը ու ի՞նչ ակնկալիքներ ունի՝ պատասխանեց. «Անձամբ զբաղվում եմ ես, ակնկալիքը՝ իրավական պրոցես է: Շատ բան չեմ կարող մեկնաբանել, որովհետեւ յուրաքանչյուր բառը կարող է օգտագործվել ընդդեմ»:

Հայցը վերաբերում է Մարտակերտի, Լաչինի եւ Քելբաջարի շրջաններում գտնվող  փոքր ՀԷԿ-երին: 2020-ի ռազմական գործողությունների արդյունքում Ադրբեջանն իր վերահսկողության տակ անցած այդ տարածքներում գործող փոքր ՀԷԿ-երն ընդգրկել է AzEnergy պետական ընկերության կազմում։ Հայ սեփականատերերի հայցի համաձայն՝ դրանով Ադրբեջանը խախտել է Եվրոպական էներգետիկ խարտիայի բազմաթիվ դրույթներ։