Ռուբեն Վարդանյանի ղեկավարությամբ կստեղծվի օպերատիվ շտաբ

Արցախի Հանրապետության պետնախարար, քաղաքացիական պաշտպանության պետ Ռուբեն Վարդանյանն այսօր  հրատապ աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել Քաղպաշտպանության ոլորտում ընդգրկված  գերատեսչությունների ղեկավարների և պատասխանատուների մասնակցությամբ:

Արցախի պետնախարարի աշխատակազմից հայտնում են, որ Ռուբեն Վարդանյանը տեղեկացրել է, որ կառավարությունում իր ղեկավարությամբ կստեղծվի օպերատիվ շտաբ, որը գործելու է 24-ժամյա ռեժիմով՝  Ադրբեջանի կողմից Հայաստանի հետ կապող ճանապարհի արգելափակման հետևանքով ստեղծված իրավիճակում աշխատանքների  համակարգման  նպատակով:

Նշելով, որ իրավիճակը բավականին բարդ է,  և ըստ էության Արցախը հայտնվել է ադրբեջանական շրջափակման մեջ, պետնախարարը միաժամանակ  շեշտել է, որ  կառավարությունն ունի բոլոր հնարավորությունները, ներուժը՝ այն վերահսկելու համար: Ընդգծելով պետական մարմինների  առավելագույնս կազմակերպված, համակարգված ու կարգապահ աշխատանքը՝ նա կարևորել է օպերատիվ հաղորդակցության,  գերատեսչությունների և վարչական շրջանների միջև արդյունավետ  կապի, ինչպես նաև հասարակության պատշաճ իրազեկման ապահովումը:

Գերատեսչությունների ղեկավարները պետնախարարին զեկուցել են յուրաքանչյուրն իրենց ոլորտում իրավիճակը՝  տեղեկացնելով առկա պաշարների և ռեսուրսների մասին: Պետնախարարը հանձնարարել է կատարել գույքագրում և տեղեկատվություն տրամադրել հրատապ խնդիրների մասին: