Իշխանական, մերձիշխանական թևից տարբեր կալիբրի գործիչներ պարբերաբար բացահայտ հայտարարում են Արցախից հրաժարվելու մասին

LIVEnews.am-ի զրուցակիցն է փորձագետ Արտակ Ավետիսյանը:

Դեկտեմբերի 5-ին Ադրբեջանն ու Թուրքիան սկսեցին հերթական լայնամասշտաբ զորավարժությունները «Եղբայրական բռունցք» կարգախոսով: Զորավարժությունները տեղի էին ունենում Բաքվում, ինչպես նաև Աստարայի, Ջեբրայիլի և Իմիշլիի շրջաններում: Դրանց հետևելու նպատակով Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարից բացի, Ադրբեջան էր ժամանել Թուրքիայի ամբողջ զինվորական վերնախավը՝ գլխավոր շտաբի պետ, բանակի գեներալ Յաշար Գյուլերը, ցամաքային զորքերի հրամանատար գեներալ Մուսա Ավսևերը, օդային ուժերի հրամանատար, բանակի գեներալ Աթիլա Գյուլանը, ռազմածովային ուժերի հրամանատար, ծովակալ Էրջումենթ Թաթկիօղլուն, բարձրաստիճան այլ սպաներ և Ադրբեջանի բանակի ղեկավարները: Ըստ ԶԼՄ-ների՝ զորավարժություններին մասնակցում են տարբեր տիպի զորքերի ստորաբաժանումներ՝ հետևակ, օդուժ, ինժեներներ, սակրավորներ, հատուկ տեխնիկա: Ակնհայտ է, որ այդ զորավարությունները հատուկ կարևորություն ունեն:

Ավելին՝ Էրդողանը և Ալիևը հեռախոսով շնորհավորել են զորախաղերին մասնակցող զինծառայողներին, Թուրքիայի նախագահի ուղերձը նրանց հասցնելու համար նախարար Աքարը հեռախոսը մոտեցրել է բարձրախոսին: «Դուք ուժ տվեցիք բարեկամներին և վախ առաջացրիք թշնամիների մոտ»,- ասել է Թուրքիայի ղեկավարը թուրք և ադրբեջանցի զինծառայողներին և հավաստիացրել, որ «բանակների եղբայրությունն անխախտելի է»: Ձեր կարծիքով՝ ո՞ւմ է ուղղված այս ուղերձը, ո՞ւմ նկատի ունի Թուրքիայի ղեկավարը թշնամիներ բառի տակ, և ի վերջո ո՞ր պետությունը կամ պետություններն էին այս զորավարությունների համար ընտրված որպես թիրախ:

-Թուրք-ադրբեջանական զորավարությունները նորություն չեն, Ադրբեջանի անկախացումից հետո դրանք միշտ էլ իրականացվել են տարբեր ձևաչափերով: Այլ հարց է այդ զորավարությունների ինտեսիվությունը, զորքերի ներգրավվածությունը, թիրախի և նպատակի ընտրությունը: Այդ զորավարություններն ամեն անգամ մի խնդիր են լուծում: 44-օրյա պատերազմից հետո միանշանակ է, որ ցանկացած թուրք-ադրբեջանական զորավարժություն եթե ոչ առաջին հերթին, ապա նաև ուղղված է Հայաստանի ու Արցախի դեմ: Հաշվի առնելով տարածաշրջանային զարգացումները, ռուս-ուկրաինական պատերազմը, ՆԱՏՕ-Ռուսաստան հակամարտությունը՝ կարելի է ասել, որ այդ զորավարժություններում որպես թիրախ է ընտրված մասնավորապես Իրանը: Եվ այս անգամվա զորավարժությունները կարելի է ասել, որ նաև Իրանին ուժի ցուցադրման նպատակ են հետապնդում: Հիշենք, որ հատկապես վերջին ժամանակաշրջանում Իրանի քաղաքական, ռազմական գործիչները, բարձրաստիճան պաշտոնյաները բավականին կոշտ նախազգուշացումներ ու հայտարարություններ են արել ինչպես Ադրբեջանին, այնպես էլ Թուրքիային և նորից կոշտ պատասխաններ են ստացել: Այս դեպքում եթե վերածենք շախմատային խաղի, ապա Իրանը սպիտակներով է խաղում, ավելի ագրեսիվ դիրքորոշում ունի՝ ելնելով իր որոշակի խնդիրներից, իսկ Ադրբեջանը որպես պաշտպանվող, պատասխանող կողմ է ներկայանում: Չեմ կարծում, որ Ադրբեջանին ցանկալի, ձեռնտու է Իրանի հետ պատերազմը, Իրանը Հայաստան չէ, և Ադրբեջանում դա հասկանում ու գնահատում են: Որքան էլ Թուրքիան օգնի, աջակցի Ադրբեջանին, ինչ-որ կերպ մասնակից դառնա հնարավոր պատերազմին, Ադրբեջանը գիտակցում է, որ Իրանի հետ ռազմական հակամարտությունից ինքը շահեկան դուրս չի գա և զգալիորեն կտուժի: Ուստի նրա քայլերն առայժմ խռովկան հայտարարություններով են սահմանափակվում, ավելի զգուշավոր, ինչը զուտ պաշտպանողական նպատակ ունի:

Իսկ Հայաստանին այդ զորավաժություններով որևէ ակնարկ չի՞ արվում, արդյո՞ք հերթական շանտաժի միջոցը չէ պատերազմով վախեցնելը, որպեսզի Հայաստանը հոժարակամ կատարի Ադրբեջանի ցանկությունները և գնա կորստաբեր զիջումների: Չմոռանանք, որ Ադրբեջանը դեռևս չի հրաժարվել այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» իր երազանքից, որը Ալիևը դեռ 44-օրյա պատերազմից հետո իրողություն էր համարում:

-Միջանցքի թեման այսօր ամենաշահարկվողներից է: Կհիշեք և ՌԴ արտգործնախարար Լավրովի հայտարարությունները, մեր տարբեր տրամաչափի քաղաքական գործիչների ելույթներն այդ թեմայով, նաև վարչապետի: Դրանցից արված ընդհանուր հետևությունն այնպիսին է, որ ՀՀ իշխանությունները ցանկանում են Ադրբեջանին տրամադրել այդ միջանցքը, բայց մյուս կողմից էլ հրապարակային հայտարարություններ են արվում, թե միջանցք տրամադրելու մասին որևէ խոսք չկա եռակողմ պայմանավորվածություններում: Բայց Ալիևի պնդումները ցեյթնոտային վիճակ են առաջացնում մեր իշխանությունների մոտ: Իսկ միջանցքը տալու երկու սցենար կարող է լինել: Պատերազմով, օջախային բախումներով, որից հետո իշխանությունները կհայտարարեն, թե քանի որ մենք չցանկացանք միջանցքը խաղաղ ճանապարհով հանձնել, նորից կորուստներ եղան, պատերազմ եղավ, մարդիկ չգնացին կռվելու: Երկրորդ սցենարը համոզելն է ու խաղաղ ճանապարհով տալը: Հիշում եք՝ Փաշինյանն իր ելույթներում մի քանի անգամ կարմիր գծի պես կրկնում էր, որ 44-օրյա պատերազմի ժամանակ ոչ ոք իրեն չմեղադրեց, հարձակվելու, տարածքները գրավելու համար, այլ մեղադրեցին պատերազմը չկանգնեցնելու համար: Եվ այդ սկզբունքով նա մարդկանց կհամոզի, թե լավագույն որոշումն է կայացրել ու երկիրը փրկել պատերազմից, ինչպես որ հանրությունը իրենից պահանջում էր: Մյուս կողմից էլ իշխանություններին ևս նոր պատերազմ ցանկալի չէ: Նրանք գիտակցում են, որ ամեն պատերազմ, թեկուզ օջախային կոնֆլիկտ, ունի հետևանքներ, որոնք կարող են նաև իրենց իշխանական աթոռը ուժեղ ցնցել՝ անկախ ընդդիմության լինել-չլինելուց, խորհրդարան գնալ-չգնալուց: Ցանկացած նման կոնֆլիկտից հետո առաջացած բողոքի ալիքն ի վերջո կարող է սրբել ու տանել օրվա իշխանություններին: Իսկ այդ հասարակական բողոքը պարուրված է թվացյալ փայլուն թղթով: Թվում է՝ մարդիկ պարուրված են տոնական տրամադրութամբ, ուրախության, տոնի են ծարավ: Երեկ ես առիթ ունեցա լինել մայրաքաղաքի կենտրոնում, քայլելու և հետևելու մարդկանց տրամադրություններին: Հասկացա, որ թվացյալ իրականություն է այդ ամենը: Ներքին կուտակված բացասական էներգիա կա մարդկանց մեջ՝ սոցիալական, հոգեբանական բազմաթիվ խնդիրների տեսքով և կարող է այդ էներգիան վերափոխվի սոցիալական ընդվզման ու քաղաքական հետևանքներ ունենա: Ոչինչ չի կարելի բացառել: Իրադարձություններն այնպիսի վեկտորով են զարգանում, որ կանխատեսումներ անելն ամենաանշնորհակալ գործն է հիմա:

Վերադառնալով հարցին՝ ասեմ, որ «Զանգեզուրի միջանցքի» պատմությունը, որքան էլ որ մեր երկրին է առնչվում, Հայաստանի միջամտությամբ չէ, որ որևէ լուծում է ստանալու: Տարածաշրջանային զարգացումներում Հայաստանն ամենավերջին խաղացողն է, որից կախված է իրադարձությունների ծավալումը: Եթե մենք ունենայինք ուժեղ, մարտունակ բանակ, ապա խաղացողները դա նկատի ունենալով՝ նաև մեզ հետ հաշվի կնստեին: Բայց խաղի կանոնները գրվում են միայն ուժեղ խաղացողների հնարավորություններով ու սցենարներով: Այս առումով Հայաստանը շատ խոցելի է:

Հաշվի առնելով ձեր նշած մարտահրավերները և Հայաստանի՝ տոնական էյֆորիայի գրկում նիրհած լինելը՝ արդյո՞ք դա ևս տեխնոլոգիա է ձեր նշած սոցիալական ընդվզումը կանխելու, մարդկանց ուշադրությունը տարածաշրջանային մարտահրավերներից շեղելու, իսկ այդ զարգացումներն ամենևին ոչ մի լավ բան չեն կանխատեսում Հայաստանի համար: Եթե չկա հաց, զվարճանք են հրամցնում:

Եթե դիտենք կոնտեքստից դուրս զուտ որպես միջոցառում, ապա «Եվրատեսիլի» հյուրընկալումը մեզ համար դրական իրադարձություն էր: Իհարկե, մրցույթի արժեքը գերչափազանցված է մեզանում, չունի այն մշակութային նշանակությունը, ինչը ներկայացնում են: Բայց Հայաստանի նման երկրի համար այն կարևոր էր, քանի որ աշխուժություն մտցրեց մեր ապրելակերպում, դրսից տարբեր այցելություններ եղան, ի վերջո դա ևս մեկ առիթ էր Հայաստանի անունը միջազգային հարթակներում հնչեցնելու՝ այժմ էլ այս ձևաչափում: Նման միջոցառումները նպաստում են երկրի ճանաչելիությանը, դերի, հեղինակության բարձրացմանը: Բայց անգամ 20-րդ դարում քաղաքականությունը ոչ թե նման միջոցառումներով, այլ սրով է լուծվել, ուժով: Մշակութային մեծ արժեք ունեցող շատ ազգեր վերացել են, որովհետև կարողացել են սրով քանդել ու ավերել այդ մշակույթը, ու նրանք չեն կարողացել պաշտպանել իրենց: Պատմությունը նման դեպքերի բազմաթիվ դասեր ունի, որ մշակույթը պատերազմի ժամանակ չի կարող վահան լինել: Եվ եթե այս համատեքսում դիտարկենք «Եվրատեսիլը», ապա լավ կլիներ, որ այդ ամբողջ ներուժն ուղղվեր երկրի պաշտպանողականությունը բարձրացնելուն: Իշխանությունները շատ լավ բռնել է ժողովրդի զարկերակը, և իշխանական ալիքներով միայն դրական լիցքեր են հաղորդվում մարդկանց: Ներկայացվում է, որ Հայաստանի ճանապարհներն ասֆալտապատվում են, եվրատեսլիներ են կազմակերպվում՝ հրաշագեղ շոուներով, նոր ճանապարհներ են կառուցվում, թոշակներ են բարձրացվում, դպրոցներ են կառուցվում: Բայց մենք Արցախում ունեինք հյուսիս-հարավ ճանապարհ, Քելբաջարի երկրորդ ճանապարհը, որը համահայկական դրամահավաքով կառուցեցինք, բացմաթիվ դպրոցներ էին կառուցվել, հէկ-եր, և այլն, և այլն, Բայց տեսաք, թե դրանք ինչ ճակատագիր ունեցան, մենք չկարողացանք մեր ստեղծածը պահել, որովհետև ըստ պատշաճի պաշտպանված չէինք: Հետևություն, որ մեր երկրի թիվ մեկ խնդիրն անվտանգային հարցն է, մարտունակ, հզոր բանակ ունենալու ճանապարհը: Ճանապարհները պահելու ու պահպանելու համար սահմանին պետք է կանգնած լինի մարտունակ, պաշտպանված զինվոր:

Տարեվերջին ամփոփենք, թե ի՞նչ խնդիրներ կան Արցախի հետ կապված և ընթացիկ տարում հստակություններ եղա՞ն Արցախի խնդրի կարգավորման ուղղությամբ: Հիշեցնեմ, որ օրերս ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանն էր պատվիրակության հետ մեկնել Ֆրանսիա, հանդիպել Սենատի ու ԱԺ-ի ներկայացուցիչների հետ և բարձրացրել Ացախի Հանրապետության ինքնորոշման հարցը:

-Հայաստանի իշխանությունը մտքում հրաժեշտ է տվել Արցախին: Իշխանական, մերձիշխանական թևից տարբեր կալիբրի գործիչներ պարբերաբար բացահայտ հայտարարում են այդ մասին: Փաշինյանն անձամբ ԱԺ ամբիոնից նախկինների գրպանը գցելով դավադրությունը` ասաց, թե իբր նրանք ժամանակին Արցախը ճանաչել են Ադրբեջանի կազմում, և իրենք ոչինչ չեն կարող անել դա փոխելու համար: Փորձեցին, բայց չստացվեց: Նաև հայտարարում է, որ Ստեփանակերտն ու Բաքուն պետք է առանց միջնորդի երկխոսության միջոցով ընդհանուր հայտարարի գան: Վերջերս էլ արված հայտարարություններով կարծես թե ակնարկում են, թե Արցախը, դրա անվտանգությունը, գոյությունը չգիտես ինչու Ռուսաստանի խնդիրն է: Բայց եթե որևէ հրաշքով, սցենարով հնարավոր եղավ պահպանել Արցախը, դրա ինքնավարությունը, անկախությունը, ես վստահ եմ, որ այս իշխանությունները դա իրենց են վերագրելու, ասելու են, թե իրենց վարած ճկուն, նուրբ դիվանագիտության շնորհիվ հնարավոր եղավ Արցախը պահպանել:

Կա՞ այդպիսի շանս՝ Արցախը պահպանելու:

-Մտովի հետ գնանք 40 տարի՝ 1982 թվական, երբ սառը պատերազմ էր, Ռուսաստան-ԱՄՆ հարաբերությունները ծայրահեղ լարված էին, աշխարհը բաժանված էր երկու հավասար հզոր մասերի. Այն ժամանակ որևէ քաղաքագետ ու փորձագետ չէր կարող կանխատեսել, վերլուծել, որ աշխարհը 40 տարի հետո այլ իրավիճակում է լինելու՝ սառը պատերազմն ավարտվելու է ԽՍՀՄ փլուզումով և 15 անկախ պետությունների ստեղծումով, որ Խորհրդային միության պրոտեկտորության տակ գտնվող Արևելյան Եվրոպայի երկրները անկախանալու են, Հարավսլավիան բաժանվելու է 6 պլուս երկրների: Ոչ ոք ոչ մի վատ երազում դա չէր պատկերացնում: Կամ եթե հետ գնանք 1991-92 թվականներ, երբ արցախյան շարժումն արդեն ռազմական հակամարտության փուլ էր մտել, եթե լիներ մեկը, նորից որևէ մեկը չէր կարող կանխատեսել պատերազմի ելքը, հետևանքները և հետագա 30 տարիների զարգացումները: Որևէ բան կանխատեսելի չի եղել: Նման բազմաթիվ օրինակներ կարելի է բերել: Ամեն վայրկյան աշխարհաքաղաքականությունը փոփոխվում է: Քաղաքականության մեջ պետք չէ անտեսել մանրուքները, ամեն մանրուք խաղացվող պարտիայում կարող է շատ բան փոխել: Իհարկե նախնական սցենարներ գոյություն ունեն աշխարհակալների կողմից, բայց ոչ ոք չի անտեսում նաև դիպվածի գործոնը: Հայաստանն արդեն նման փորձ ունեցել է: 1918 թվականի մայիսին Անդրկովկասի սեյմը լուծարվելուց հետո մայիսի 26-ին Վրաստանը հայտարարեց իր ակախության մասին, նրան հետևեց Ադրբեջանը, և Հայաստանին այլ բան չէր մնում անել, քան հայտարարել Հայաստանի Հանրապետության ստեղծման մասին: Սա երկնքից ընկած մանանայի պես էր: Հետո կարողացան պահել այդ տարածքը, ավելի ընդլայնել: Հետո եղավ Սևրի դաշնագիր ու նորից երկնքից տրվեց անկախությունը ավելի մեծ տարածքներով, Վիլսոնի մանդատով, բայց ցավոք մենք չկարողացանք այդ ամենը հետագայում պաշտպանել ու պահպանել:

Մեր դեպքում այս կամ այն պետության շահի հետ Հայաստանի, Արցախի փրկությունը կապելը խելամիտ չէ, քանի որ եթե այս կամ այն բարեկամ պետության շահերից բխի, կարող են նաև Հայաստանը զոհաբերել: Քաղաքականության մեջ բարեկամներ չկան:

Զրուցեց Թագուհի Ասլանյանը