Անկարան «շատ առաջարկներ ունի» հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հարցով․ Կլաար

Եվրամիության (ԵՄ) հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուի հետ կարճատև հանդիպումից հետո հայտարարել է, թե Անկարան «շատ առաջարկներ ունի» հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հարցով։ Այս մասին եվրոպացի դիվանագետը գրել է «Թվիթերում»։

Կլաարը Ստամբուլում մասնակցել է Թուրքիայում ամեն տարի կազմակերպվող TRT World Forum-ին, որի մասնակիցները քննարկում են գլոբալ խնդիրներ։

«Ողջունում եմ Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուի և այլ պաշտոնատար անձանց հետ կարճատև շփման հնարավորությունը։ Հավատացեք՝ Թուրքիան շատ առաջարկներ ունի Հայաստանի և Ադրբեջանի միջև համապարփակ կարգավորման համար»,- միկրոբլոգում այսպիսի համոզմունք է հայտնել Տոյվո Կլաարը։

Հիշեցնենք, որ Տոյվո Կլաարը Հայաստան էր այցելել դեկտեմբերի 8-ին։ Երևանում նրան ընդունել էին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ու արտգործնախարար Արարատ Միրզոյանը։ Նրանք Կլաարի հետ քննարկել են խաղաղության պայմանագրին, Լեռնային Ղարաբաղի շուրջ վերջին զարգացումներին, արցախահայության իրավունքներին և անվտանգությանը վերաբերող հարցեր։
Մինչ Հայաստան գալը Կլաարն այցելել էր Ադրբեջան։