ԵՄ-ին ժողովրդավար Ադրբեջան պետք չէ

Ինչո՞ւ է ԵՄ-ն պատրաստվում է 2 մլրդ եվրոյի ներդրումներ կատարել Ադրբեջանում: Այս մասին խոսակցությունները ծավալվել են դեռ այս տարվա փետրվար ամսին: Հետաքրքիրն այն է, որ ԵՄ ներդրումները որևէ կերպ չեն առնչվում Ադրբեջանում ժողովրդավարացման քայլերին: ԵՄ-ին ժողովրդավար Ադրբեջան պետք չի: Այս մասին գրում է ադրբեջանագետ  Տաթև Հայրապետյանը, ապա շարունակում․

«Այսպես, Եվրոպական հանձնաժողովի Արևելյան գործընկերության և ինստիտուցիոնալ զարգացման հարցերով տնօրեն Լոուրենս Մերեդիթը հարցազրույց է տվել ադրբեջանակա «ԱՊԱ» գործակալությանը, որից առանձնացնում եմ կարևոր հատվածները՝ բառացի:

—Նախ, դրանք կոմունիկացիաներն են: Մենք ներդրումներ ենք կատարում Բաքվի նավահանգստում, օգնում ենք այնտեղ հասցնել արևային մարտկոցներ։ Միևնույն ժամանակ, մենք մեծ ներուժ ենք տեսնում աշխարհաքաղաքական նոր իրողությունների ֆոնին։ Հասկանալի է, որ Ադրբեջանը կարևոր դեր է խաղում Սև և Կասպից ծովերի միջև կապ հաստատելու գործում։ Քննարկեցինք նաև Սև ծովի հետ կապ հաստատելու հնարավորությունը։

–Երկրորդ ուղղությունը, որը մենք քննարկում ենք, ստորջրյա էլեկտրական մալուխների տեղադրումն է (Սև ծովի հատակի երկայնքով՝ մոտավորապես. խմբ.), և դա առանձնահատուկ հետաքրքրություն է ներկայացնում։ Մյուս կողմից, դա կապված է «կանաչ էներգիայի» զարգացման հետ։ Ինչպես հայտնի է, Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ ստորագրել է փոխըմբռնման կարևոր հուշագիր, որը վերաբերում է ինչպես գազին, այնպես էլ էներգիայի վերականգնվող աղբյուրներին։ Մենք ցանկանում ենք միասին աշխատել քամու, արևային էներգետիկայի և հիդրոէներգետիկայի ուղղությամբ, տեսնում ենք համագործակցության մեծ ներուժ այս ոլորտում:

–Երրորդ ուղղությունը ֆինանսական մատչելիությունն է, ինչը չափազանց կարևոր է։ Մենք արդեն աջակցություն ենք ցուցաբերել 13 000 փոքր և միջին ձեռնարկատերերին։ Մենք կարծում ենք, որ հատկապես կարևոր է, որ այս ոլորտում համագործակցությունը ընդգրկի ողջ Ադրբեջանը։ Մենք հանդիպեցինք տոմատի արտադրությամբ զբաղվող մարդու։ Նա ցանկանում է իր արտադրանքը հարմարեցնել ԵՄ չափանիշներին և արտահանել նոր շուկաներ։ Այս ամենին հասնելու համար անհրաժեշտ է համագործակցել և առաջ տանել բարեփոխումները։

Շատ ուշագրավ պատկեր է ստացվում, փաստորեն Հարավային Կովկասում Վրաստանին ու Հայաստանի ԵՄ-ն աջակցում է ՀԿ–ների, հակակոռուպցիոն պայքարի, մեդիա դաշտի ուղղությամբ, իսկ Ադրբեջանում միմիայն տնտեսական զարգացման ու լոլիկի արտադրության բարեփոխումների հարցո՞ւմ կամ ավելի ստույգ՝ դարձնելով Ադրբեջանը տնտեսական հաբ: Փաստացի, ԵՄ–ն իր քայլերով ոչ միայն արդարացնում է ագրեսիան Արցախի ու ՀՀ-ի դեմ, այլև հարստացնում է Ալիևի բռնապետությանը, որպեսզի այնտեղ երբեք նորմալ ղեկավարություն ու ժողովրդավարություն չլինի, մշտապես լինի ռազմատենչ, հակահայ ագրեսոր՝ հանձին Ալիևի ու նրա ընտանիքի, որը պարբերաբար կհարձակվի իր ժողովրդավար հարևանի վրա՝ պատճառելով ոչ միայն մարդկային ու տարածքային, այլև տնտեսական հսկայական կորուստներ, 2022 թ. սեպտեմբերի ագրեսիան դրա վառ օրինակներից է: Ահա այսպես էլ ժողովրդավարության արժեքների առաջամարտիկ համարվող ԵՄ-ն Հարավային Կովկասում աջակցում բռնապետությանը` ընդդեմ ժողովրդավարության»։