Հայաստանի մասնակցությամբ ընդունված բոլոր փաստաթղթերի մեջ կարմիր գծով անցնում է Արցախն Ադրբեջանի կազմում թողնելու հնարավորությունը

LIVEnews.am-ի հյուրն է Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը։

Օրերս Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը իր գլխավորած պատվիրակության հետ աշխատանքային այցով ժամանել էր Ֆրանսիա և այնտեղ հանդիպումներ ունեցել Ֆրանսիայի սենատի բոլոր խորհրդարանական խմբերի ղեկավարների և ԱԺ բոլոր խմբակցությունների պատասխանատուների հետ՝ նշելով, որ Ֆրանսիայի Սենատի և ԱԺ-ի կողմից Արցախի վերաբերյալ ընդունված բանաձևերը լավ հիմք են Արցախի և Ադրբեջանի միջև հակամարտության կարգավորման համար։ «Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի հարգումը և այդ իրավունքի իրացման արդյունքների ճանաչումը հակամարտության կարգավորման միակ ճանապարհն է, որը երաշխավորում է Արցախի ժողովրդի իրավունքների և անվտանգության պատշաճ մակարդակի ապահովումը»,- շեշտել է նա։ Արցախի ղեկավարության այս հռետորաբանությունը թվում է՝ հուսադրող է, նրանք այլընտրանք չեն տեսնում Արցախի անկախությանն ու ժողովրդի ինքնավարությանը։ Բայց չմոռանանք նաև, որ պատերազմից հետո Հայաստանի իշխանություններն ամեն ինչ արեցին նվազեցնելու Արցախի սուբյեկայնության մասին բոլոր քննարկումները։ Ի՞նչ դիտարկումներ ունեք այս հակասության հետ կապված։

-Ընդհանուր առմամբ դրական եմ գնահատում Արցախի սուբյեկտայնության մասին բարձրաձայնելու բոլոր փորձերը, դա շատ կարևոր նախաձեռնություն էր՝ կազմակերպված Հայ դատի կողմից։ Ամբողջ Արևմուտքում՝ մասնավորապես եվրոպական երկրներում, Հայ դատը մեծ աշխատանք է տանում հատկապես Արցախի ուղղությամբ, և դրա համար պետք է երախտապարտ լինենք նրանց։ Կարևոր եմ համարում Արայիկ Հարությունյանի բոլոր դիտարկումները Ֆրանսիայի պետական France 24 հեռուստաընկերության եթերում։ Լավ էր, որ խոսում էր ոչ թե որևէ միջնորդ կամ Արցախից որևէ պաշտոնյա, այլ հենց հանրապետության ղեկավարը։ Նրա շեշտադրումներն ու դիտարկումները նոր թափ հաղորդեցին ինքնորոշման մասին հայտարարություններին՝ վերջին շրջանում Արցախի սուբյեկտայնության մասին բարձրաձայնումների նվազման համատեքստում։ Արայիկ Հարությունյանն ընդգծել է, որ ԽՍՀՄ փլուզումից հետո Արցախի Հանրապետության բնակչությունը կատարեց իր ընտրությունը անկախանալով, և միջազգային ոչ մի կառույց բարոյական իրավունք չունի այդ ընտրությունը կասկածի տակ դնելու: Այդ իրավունքն ամրագրված է ՄԱԿ-ի հռչակագրի հիմնարար սկզբունքներում: Մենք չենք կարող զիջումների գնալ այդ հարցում, քանի որ շատ լավ հասկանում ենք, թե ինչ հետևանքների դա կբերի: Մենք կարող ենք Ադրբեջանի հետ բարիդրացիական հարաբերություններ հաստատել, բայց Արցախի Հանրապետության անկախությանն այլընտրանք չի եղել և չի կարող լինել:

Ի դեպ, այդ այցը բավականին բացասական արձագանք է ստացել ադրբեջանական կողմից, ինչը բնական է: Ֆրանսիայում Ադրբեջանի դեսպան Լեյլա Աբդուլաևան, որը Ադրբեջանի ԱԳՆ-ի նախկին խոսնակն է, ասել էր, թե հանդիպման ժամանակ արված հայտարարությունները պարզապես խաթարում են այսպես կոչված խաղաղության պայմանագրի իրականացման և երկու պետությունների միջև հարաբերությունների կարգավորման գործընթացները:

Եվ փաստորեն կարող ենք այս ամենից հետևություն անել, որ ի հեճուկս Հայաստանի Հանրապետության ոչ հայկական կառավարության ջանքերի՝ Արցախը փորձում է սեփական ուժերով իր իրավունքներն ու գոյությունը պաշտպանել: Ուստի այս փուլում նման զարգացումները դրական կարելի է գնահատել:

Արցախն այդպիսի ներուժ ունի՞ իր իրավունքները, գոյությունը պաշտպանելու և խուսափելու Հայաստանի և Ադրբեջանի իշխանությունների համատեղ դավադրությունից՝ հայկական երկրորդ պետությունը Ադրբեջանի կազմում ընդգրկելու ուղղությամբ: Ի դեպ, որոշ ամանակ առաջ Արցախում մարդաշատ ու ազդեցիկ հավաք տեղի ունեցավ, որի ժամանակ Արցախի բնակչությունը կամք հայտնեց դիմելու Ռուսաստանի Դաշնության իշխանություններին իրենց հնարավոր կործանոմից փրկելու հորդորով: Եվ հիմա Արայիկ Հարությունյանը գնացել է Ֆրանսիա՝ այդ նույն առաքելությամբ, բայց այժմ էլ Արևմուտքի հետ հույսեր կապելով:

Արցախի սուբյեկտայնության յուրաքանչյուր քայլ՝ անկախ դա ռուսական կողմի, Ֆրանսիայի, թե արևմտյան այլ պետության հետ է կապվում, կարևոր է մեզ համար: Առանց այդ դիվանագիտական պայքարի արցախահայության իրավունքները կոտնահարվեն, քանի որ դա առաջին հերթին թույլ է տալիս Արցախի անվտանգության երբեմնի երաշխավոր Հայաստանի Հանրապետությունը: Արցախի ղեկավարության և բնակիչների քայլերը թերևս իրենց կյանքի իրավունքի իրացմանն են միտված: Մարդիկ չեն նայում` որ երկիրն է իրենց համար դարավոր բարեկամ, դաշնակից, ձգտում են գտնել աշխարհաքաղաքական լավագույն խաղացողներին ու համագործակցելով նրանց հետ՝ իրենց կյանքի իրավունքը պաշտպանել: Իսկ այն, որ ամեն վայրկյան այդ իրավունքը վտանգված է, գաղտնիք չէ: Այս պահին էլ նոր պատերազմի հնարավորությունը շատ բարձր է, իրավիճակը գերլարված է, կան ադրբեջանաթուրքական սպառազինության, զինված ուժերի կուտակումներ, կան ագրեսիվ հայտարարություններ թշնամու կողմից, թշնամին մեծ թափով պատրաստվում է ռազմական գործողությունների, ամեն օր դիմում է սադրանքների: Եվ այդ իրավիճակը շատ նման է 2020 թվականի օգոստոս-սեպտեմբերյան վիճակին, որն ավարտվեց մեզ համար կործանարար պատերազմով ու ամոթալի պարտությամբ: Ես տեսնում եմ, որ արցախցին հիմա իր ձեռքն է վերցրել իր ճակատագիրը՝ ձգտելով Հայաստանին դուրս մղել իր ճակատագիրը որոշելու բոլոր քայլերից և նրան փոխարինող, այսինքն իր անվտանգությունը երաշխավորող այլ գործընկեր է փնտրում գոնե թե դիվանագիտական մակարդակում: Տեսնենք, թե ինչ արդյունքների կհասնեն:

Արցախի պետական նախարար Ռուբեն Վարդանյանը հայտնել է, որ 2023 թվականի հունվարից կվերակազմավորվի Արցախի Հանրապետության պետական համակարգը, կփոխվի կառավարության կազմը: Կարո՞ղ ենք այս փոփոխությունները ևս կապել ձեր նշած գործընթացների հետ՝ արցախցին իր ճակատագիրը ինքնուրույն է փորձում որոշել՝ անկախ ՀՀ իշխանությունների դավադիր քայլերից:

Այս պահին դժվարանում եմ այդ հարցին պատասխանել, քանի դեռ որոշակի հստակություն չկա, թե ինչպիսի փոփոխություններ են նախատեսվում: Ռուբեն Վարդանյանի մասին տարատեսակ կարծիքներ են հնչում՝ բացասականից դրական: Ես դեռևս զերծ կմնամ դիրքորոշում հայտնելուց, քանի դեռ գործուն քայլեր չեն արվել Արցախի զարգացման, բարեկեցության, անվտանգության բարձրացման ուղղությամբ: Միայն դրանից հետո հնարավոր կլինի որոշակի հետևություններ անել: Կառավարության կազմի փոփոխությունն ակնկալվում է, որ կարվի հօգուտ Արցախի, կառավարության կազմը կհամալրվի պրոֆեսիոնալներով, որոնք Արցախը փրկելու հաստատակամություն ու քաղաքական կամք ունեն: Վտանգներ կան, որ որոշ շրջանակներ, որոնք աշխատում են Հայաստանի ոչ հայկական իշխանությունների հետ, կարող ենք սողոսկել այնտեղ և մեր իշխանություններին Արցախի վրա ազդեցլու լծակներ ապահովել: Ամեն դեպքում յուրաքանչյուր թարմացում, հատկապես պատերազմից հետո, դրական սպասելիքներ է առաջացնում, քանի որ նախորդ իշխանությոնները, երկրի ղեկավար կազմը պարտված է և հենց նրանց գործունեության հետևանքով է Արցախի մեծ մասը հանձնվել թշնամուն:

Ամփոփենք, Արցախի հարցում այս տարի ինչպիսի՞ զարգացումներ եղան:

Այս տարի առավել ակտիվ էին մեր և Ադրբեջանի իշխանությունները այդ հարցում, և մի շարք հանդիպումներ են եղել բարձր մակարդակներով՝ ընդհուպ մինչև երկրի ղեկավարների, որոնց ժամանակ եթե ոչ գրավոր, ապա բանավոր պայմանավորվածություններ են եղել, քննարկումներ և հայտարարություններ են ընդունվել, որոնցում Արցախի մասին որպես հանրապետության, սուբյեկտի, չի խոսվել, այն չի դիտարկվել որպես ինքնորոշման իրավունք ունեցող պետություն: Այդպիսով Ադրբեջանի սպասելիքներն են արդարացվել: Բոլոր փաստաթղթերի մեջ կարմիր գծով անցնում է Արցախն Ադրբեջանի կազմում թողնելու հնարավորորությունը, առաջարկը: Այս առումով մենք Արցախի հարցում ունենք միայն կորուստներ և Հայաստանի իշխանությունների անարդյունավետ հանդիպումների արդյունքում միայն վատնվում են մեր պետական բյուջեի միջոցները և ոչ մի հայանպաստ որոշում ու սպասելիք չունենք:

Թագուհի Ասլանյան