ԵԱՏՄ երկրների միջև փոխադարձ հաշվարկներում ազգային արժույթներին անցնելու աշխատանքն արագացել է. Պուտին

ԵԱՏՄ երկրների միջև փոխադարձ հաշվարկներում ազգային արժույթներին անցնելու աշխատանքն արագացել է։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի ընդլայնված կազմով նիստում։

Նրա խոսքով, սկսվել է ընդհանուր վճարային ենթակառուցվածքի ստեղծման և ազգային համակարգերի ինտեգրման, ֆինանսական տեղեկատվության փոխանցման գործընթացը։

Նա նաև նշել է, որ ԵԱՏՄ երկրներում սակագներն ու էներգակիրների գները արմատապես տարբերվում են Արևմուտքի հարևանների համապատասխան սակագներից։

«Ասենք, ԵԱՏՄ երկրներում և Եվրամիությունում գազի գները տարբերվում են 10 և նույնիսկ ավելի շատ անգամ, ոչ թե ինչ-որ տոկոսներով, այլ 10 և ավելի անգամ», – շեշտել է Պուտինը՝ հավելելով, որ նման ցուցանիշները համապատասխան պայմաններ են ստեղծում տնտեսական զարգացման համար։

Ռուսաստանի առաջնորդը համաձայնել է իր բելառուս գործընկեր Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ, որ ԵԱՏՄ երկրները պետք է ավելի արդյունավետ աշխատեն՝ մնացած մաքսային և վարչական խոչընդոտները վերացնելու համար, քանի որ դրանք խանգարում  են երկրների միջև ազատ առևտրին։

«Դա ճիշտ է։ Դրանք խանգարում  են երկրների միջև ազատ առևտրին և մենք պետք է այդ ուղղությամբ ակտիվորեն աշխատենք», – ասել է նա։