Չինաստանը և Սաուդյան Արաբիան ռազմավարական գործընկերության մասին համապարփակ համաձայնագիր են ստորագրել

Սաուդյան Արաբիան և Չինաստանը նախագահ Սի Ծինփինի այցի ընթացքում հարաբերությունները խորացրել են մի շարք ռազմավարական գործարքների, այդ թվում՝ տեխնոլոգիական հսկա Huawei-ի հետ գործարքի արդյունքում, հայտնում է Reuters-ը։

Թագավոր Սալմանը «ռազմավարական գործընկերության համապարփակ համաձայնագիր» է ստորագրել Սի Ծինփինի հետ, որին շքեղ ընդունելության է արժանացել Արևմուտքից դուրս մի երկրում, որը նոր գլոբալ գործընկերային հարաբերություններ է ձևավորում:

Այս ընդունելությունը կտրուկ հակադրվել է հուլիսին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին տրված զուսպ ընդունելությանը, որի հետ հարաբերությունները սրված են Սաուդյան Արաբիայի էներգետիկ քաղաքականության և 2018 թվականին Ջամալ Խաշոգջիի սպանության պատճառով:

Միացյալ Նահանգները, զգուշանալով Չինաստանի աճող ազդեցությունից և Էր Ռիադի հետ կապերից, չորեքշաբթի հայտարարել է, որ Սի Ծինփինի այցը «աշխարհի վրա ազդելու Չինաստանի փորձերի օրինակ է և չի փոխի Մերձավոր Արևելքի նկատմամբ ԱՄՆ քաղաքականությունը»:

Չինական և սաուդյան ընկերությունները նաև 34 գործարք են կնքել՝ «կանաչ» էներգետիկայի, տեղեկատվական տեխնոլոգիաների, ամպային ծառայությունների, տրանսպորտի, շինարարության և այլ ոլորտներում ներդրումներ կատարելու համար, հաղորդում է SPA պետական լրատվական գործակալությունը: Ենթադրաբար, խոսքը 30 միլիարդ դոլարի համաձայնագրերի մասին է։