Կա ընդամենը մեկ կետ, որի շուրջ Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնություն ունեն․ Հայաստանի ԱԽ քարտուղար

Կա ընդամենը մեկ կետ, որի շուրջ Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնություն ունեն, դա Վիեննայի կոնվենցիայի շրջանակներում դիվանագիտական հարաբերություններ հաստատելն է: Այս մասին հայտնեց Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն ԱԺ-ում ՝ անդրադառնալով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանի՝ խաղաղության հնարավոր պայմանագրի տեքստի վերաբերյալ հարցին:

Պատգամավորի հարցը խաղաղության պայմանագրի համար ադրբեջանական կողմի ներկայացրած վերջին պատասխան առաջարկների վերաբերյալ էր, որին հայկական կողմը դեռ պետք է պատասխան առաջարկներ ներկայացնի: Խամոյանը հետաքրքրվեց այդ տեքստի մանրամասներով:

Գրիգորյանն ասաց, որ, բանակցային առանձնահատկությունը հաշվի առնելով՝ չեն հրապարակել, սակայն հայ ժողովրդին հայտնի են բոլոր այն խնդիրները, որոնք գոյություն ունեն Հայաստանի և Ադրբեջանի միջև: «ԼՂ հիմնախնդիրն է, չդելիմիտացված և չդեմարկացված սահմանն է, որ փորձում ենք դելիմիտացնել ու դեմարկացնել, ապաշրջափակումն է, և կան հումանիտար հարցեր: Եվ քննարկումներն ընդհանուր առմամբ հենց այս ուղղություններով են»,-ասաց ԱԽ քարտուղարը: