Մոսկվայի կամ Արցախում ռուսական խաղաղապահների նկատմամբ Բաքվի, հնարավոր է, նաև Անկարայի ճնշումը փաստորեն տալիս է որոշակի արդյունք

Հնարավոր է այդ ճնշումը ոչ միայն Բաքվի, այլև Անկարայի կողմից է, որը, սակայն, չի երևում:

Ի տարբերություն Հայաստանի թրքահպատակ ու դավաճանական իշխանության, որն Ադրբեջանի և Թուրքիայի պահանջներին ենթարկվողի դերում է և վարում է կրավորական քաղաքականություն, Ադրբեջանն ակտիվորեն վարում է նախաձեռնողական քաղաքականություն, որը նրան տվել ու տալիս է նորանոր արդյունքներ:

Ինչպես արդեն նշել ենք մեր երեկվա հրապարակումներից մեկում  Արցախում ՌԴ խաղաղապահ զորակազմի ղեկավար, գեներալ-մայոր Անդրեյ Վոլկովն Ադրբեջանի հանրային հեռուստատեսությամբ երեկ հեռարձակված հարցազրույցում հայտարարելով, որ «Լեռնային Ղարաբաղը Հայաստանին կապող ճանապարհի վրա մինի մաքսակետ կտեղադրվի՝ հագեցած հատուկ սարքավորումներով», տեղեկացրել է, որ նշված պայմանավորվածությունը ձեռք է բերվել ռուսական և ադրբեջանական կողմերի բանակցությունների արդյունքում։

Գեներալի խոսքով՝ տեխնիկական հսկողության միջոցներով «մինի մաքսակետը» գործելու է Ստեփանակերտ-Գորիս ճանապարհի վրա տեղակայված առաջին ռուսական անցակետում։ Արցախ մտնող տրանսպորտային միջոցների զննման և արգելված առարկաների մուտքը չթույլատրելու նպատակով, ՌԴ խաղաղապահները Լաչինի միջանցքի թիվ 1 հենակետում ռենտգեն-սկաներ են տեղադրելու, առնվազն պաշտոնապես հայտարարվել է նշված մտադրության մասին:

Այսպիսով, եթե Հայաստանից և Արցախից լուրջ դիմադրություն չեղավ, զուտ խաղաղապահ առաքելության իրականացման համար անհրաժեշտ և այդ նպատակով նախատեսված ու ստեղծված զինվորական հենակետը վերածվում կամ վերածվելու է մաքսակետի, թեկուզ և այժմ դեռ ոչ մեծ չափերով, այսպես ասած, «մինի» (հետագայում չափերը կարող են մեծացվել):

Վերոնշյալը հետևանքն է Մոսկվայի կամ Արցախում ռուսական խաղաղապահների հրամանատարության, անձամբ ՌԴ խաղաղապահ ուժերի հրամանատար Անդրեյ Վոլկովի նկատմամբ Բաքվի ճնշման, որը, ըստ «Փաստ» օրաթերթի հրապարակման , «տևական ժամանակ է՝ գտնվում է ադրբեջանական կողմի տեղեկատվական թիրախում։ Արդեն մի քանի ամիս է՝ ադրբեջանական ողջ քարոզչամեքենան լծված է Վոլկովի անձի նկատմամբ տոտալ գրոհներին. այստեղ անում են հնարավոր ամեն ինչ վարկաբեկելու ռուսական խաղաղապահ կոնտինգենտը, ինչպես նաև հասնելու խաղաղապահների հրամանատարի փոփոխության»։

Ըստ թերթի, իբրև իրենց մեղադրանքների հիմնավորում, ադրբեջանցիները պնդում են, թե Վոլկովն իբր «հայանպաստ դիրքորոշում ունի, չի համապատասխանում խաղաղապահների չափանիշներին և չի պահպանում տոլերանտություն և հավասարություն կողմերի միջև։ Ամենաթեթև ուսումնասիրությունից անգամ պարզ է դառնում, որ ադրբեջանական բազմաթիվ կայքեր ու Տելեգրամ- ալիքներ, միմյանց հերթ չտալով, ռեպորտաժներ են պատրաստում, որտեղ Վոլկովին փորձում են ներկայացնել որպես հայերի շահերը սպասարկող աձնավորություն»։

Այսուհանդերձ, Լաչինի միջանցքում մաքսակետի թե «մինի մաքսակետի» ստեղծումն անընդունելի և անթույլատրելի է, քանի որ հերթական անգամ կատարվում է մի գործողություն, որը նախատեսված չէ 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ: Խաղաղապահ նպատակով Լաչինի միջանցքի նկատմամբ վերահսկողությունը` նախատեսված հիշյալ հայտարարության 6-րդ կետով, բնավ չի նշանակում այնտեղ մաքսային հսկողություն սահմանել ու մաքսային գործառույթ իրականացնել:

Ավելին. զինվորական հենակետը մաքսակետի վերածելը հակաիրավական է և նույնիսկ անհեթեթ նաև այն առումով, որ որևէ երկիր կարող է մաքսակետ ունենալ միայն իր երկրի տարածքում:

Ադրբեջանում ակնհայտ նկատվում է խաղաղապահ զորքերի առկայության նկատմամբ ոչ միայն բացասական տրամադրություններ ձևավորելու, այլև ճնշում գործադրելու միտում. այս մասին «Փաստինֆո» -ին ասել է իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր Գևորգ Դանիելյանը՝ անդրադառնալով Լաչինի միջանցքում «մինի մաքսակետ» տեղադրելու վերաբերյալ Արցախում ռուս խաղաղապահների զորախմբի հրամանատար Անդրեյ Վոլկովի հայտարարությանը։

Ըստ Դանիելյանի, նորություն չէ, որ «ռազմաքաղաքական առանցքային հարցերով որոշումներ կայացնելու դեր են ստանձնում բացարձակապես այդպիսի իրավասություն չունեցող պաշտոնյաները, ինչպես օրինակ՝ ՀՀ պաշտպանության նախարարը՝ այսպես կոչված՝ Գորիս-Կապան ճանապարհը զիջելու վերաբերյալ»:

Իրավագետը նշել է նաև, որ «ցանկացած տիպի մաքսակետ հիմնադրելու նախաձեռնությունը ուղղակի հակասության մեջ է 2020 թ. նոյեմբերի 9-ի հայտարարության հետ»:

Արցախի ԱԺ 5 խմբակցությունների ղեկավարները ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատար Անդրեյ Վոլկովի հետ հանդիպմանն ասել են, որ Արցախի համար անընդունելի է Լաչինի միջանցքում ռենտգեն-սկաների տեղադրումը։ Այս մասին NEWS.am -ի հետ զրույցում ասել է ԱՀ Ազգային ժողովի ՀՅԴ խմբակցության ղեկավար Արթուր Մոսիյանն՝ անդրադառնալով դեկտեմբերի 6-ին Անդրեյ Վոլկովի հետ տեղի ունեցած հանդիպմանը։

«Բոլոր խմբակցությունների ղեկավարները կտրականապես դեմ են արտահայտվել ռենտգեն-սկաների տեղադրմանը»,- ասել է Մոսիյանը:

ՀՅԴ խմբակցության ղեկավարի խոսքով` «Անդրեյ Վոլկովը ադրբեջանցիների կողմից Գորիս–Ստեփանակերտ ճանապարհը փակելը պրովոկացիա է որակել։ Հանդիպմանն ընդգծվել է, որ պետք է միջոցներ ձեռնարկվեն նմանօրինակ դեպքերը կանխելու համար»։

Ինչպես արդեն հայտնի է, քաղաքացիական հագուստով, բնապահպան ներկայացած (ըստ որոշ տեղեկությունների, Ադրբեջանի հատուկ ծառայությունների ու ՊՆ աշխատակիցներ) մի խումբ ադրբեջանցիներ օրերս Շուշի-Կարին խաչմերուկում փակել էին Գորիս- Ստեփանակերտ ավտոճանապարհը՝ բնապահպանական ինչ–որ խնդիրների պատճառաբանությամբ, սակայն, հիշյալ կայքի տեղեկացմամբ, «ԱԺ խմբակցությունների հետ հանդիպմանը Վոլկովն ասել է, որ Ադրբեջանը բողոքել է, թե այդ ճանապարհով բեռնատարներով զենք–զինամթերք է տեղափոխվում»։ Սա ճանապարհը փակելու, հենակետը «մինի մաքսակետի» վերածելու և այնտեղ ռենտգեն-սկաներ տեղադրելու նպատակների վերաբերյալ երեկվա մեր վերոնշյալ հոդվածում գրվածի հաստատումն է:

Հավելենք, որ NEWS.am-ի հրապարակած տեղեկատվության  համաձայն, Բաքվում հայտարարել են, որ ռուսական խաղաղապահ կոնտինգենտի հրամանատարության հետ այսօրվա հանդիպումը «անցկացվել է կառուցողական ոգով» և «այդ հարցի շուրջ շփումները կշարունակվեն», «Հայկական եւ ռուսական կողմից կատարվածի վերաբերյալ պաշտոնական մեկնաբանություններ դեռ չկան»։

 

Արթուր Հովհաննիսյան