Արայիկ Հարությունյանը Փարիզում հանդիպել է ՀՅԴ Ֆրանսիայի Կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչների հետ

Արայիկ Հարությունյանի գլխավորած պատվիրակությունը Փարիզում հանդիպել է ՀՅԴ Ֆրանսիայի Կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչների հետ։ Այս մասին հայտնում են ԱՀ նախագահի գրասենյակից։

«Աշխատանքային այցով Ֆրանսիայի Հանրապետությունում գտնվող Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորած պատվիրակությունը Փարիզում հանդիպել է Հայ Հեղափոխական Դաշնակցության Ֆրանսիայի Կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչների հետ:

Հանդիպմանը, որին մասնակցում էին ՀՅԴ Բյուրոյի անդամներ Մուրադ Փափազյանը և Հովսեփ Տեր Գևորգյանը, քննարկվել են Արցախի ներքին և արտաքին քաղաքականությանը, Արցախ-Սփյուռք համագործակցությանը, տարածաշրջանային գործընթացներին վերաբերող հարցեր:

Հարությունյանը պահանջված և օգտակար է համարել նման հանդիպումները` արժևորելով ՀՅԴ ներդրումն Արցախի զարգացման և զորացման ու համազգային խնդիրների լուծման գործում»,- ասվում է հաղորդագրությունում: