Խաղաղապահների հրամանատարը «мини-таможенный пост» տերմինն օգտագործելով հաստատեց՝ անցակետ չի լինելու․ ԱՀ ԱԺ պատգամավոր․ 24News

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի խմբակցությունների ղեկավարները Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմի հրամանատարի հետ հանդիպմանն ասել են, որ անընդունելի է Հայաստանն արցախյան կողմին կապող նոր միջանցքում ռենտգեն-սկաների, նոր անցակետի տեղադրումը։ Այս մասին 24News-ին ասաց Արցախի Հանրապետության Ազգային ժողովի «Արդարություն» խմբակցության ղեկավար Դավիթ Գալստյանը՝ անդրադառնալով երեկ ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատար Անդրեյ Վոլկովի հետ հանդիպմանը։

Գալստյանը նշեց, որ Վոլկովը «мини-таможенный пост» (փոքր մաքսակետ) բառակապացկությունն է օգտագործել․ «Ինքը պարզաբանեց, որ անցակետ չի լինելու, ադրբեջանցիների ներկայութուն չի լինելու, նախատեսում էին սարք դնել, որը օգտագործելու էին ռուսներն իրենց խաղաղապահ գործունեության համար, որ բեռնափոխադրող մեքենաներն այդտեղով անցնեին»։

Դեկտեմբերի 5-ին Ադրբեջանի հանրային հեռուստատեսությամբ հեռարձակված հարցազրույցում գեներալ-մայոր Անդրեյ Վոլկովը հայտարարել էր, որ Լեռնային Ղարաբաղը Հայաստանին կապող ճանապարհի վրա մինի մաքսակետ կտեղադրվի՝ հագեցած հատուկ սարքավորումներով։ Վոլկովը նշել էր, որ այս թեմայով պայմանավորվածություն ձեռք էր բերվել ռուս-ադրբեջանական բանակցությունների արդյունքում։ Վոլկովն այս մասին հայտնել է շաբաթ օրը Շուշիի մերձակայքում՝ Քարին տակ գյուղի հատվածում տեղի ունեցած միջադեպի ընթացքում, երբ քաղաքացիական հագուստներով մի խումբ ադրբեջանցիներ փակել էին ճանապարհն ու խոչընդոտել մեքենաների տեղաշարժը։

«Մինի մաքսակետը» պետք է գործեր Ստեփանակերտ-Գորիս ճանապարհի վրա տեղակայված առաջին ռուսական անցակետում։ «Արդարություն» խմբակցության ղեկավար Դավիթ Գալստյանն ասաց, որ նախօերի հանդիպմանը Վոլկովին ասել են՝ անցակետի տեղադրումն անընդունելի է ոչ միայն քաղաքական ուժերի, այլև ամբողջ արցախահայության, հայության համար․ «Ասել ենք, որ թույլ չենք տալու միջանցքում սարքավորում տեղադրել։ Ասել ենք, որ զերծ մնան այդ մտքից։ Ես համոզված եմ, որ այդ ամեն ինչը ճիշտ է հասկացել»։

Ըստ Գալստյանի՝ որևէ տեսքով այլ նոր տեղակայում չի լինելու ճանապարհի վրա։ «Անցակետերի հաշվարկով առաջինը պետք է լիներ, երբ Կոռնիձորով մտնում է Արցախ, այդ հատվածում։ Շատ չենք խորացել, թե ինչ ներկայացվածություն պետք է լիներ նախատեսված անցակետում։ Անկախ նրանից, թե ռուսներ, արցախցիներ լինեին, թե ռուսները մենակ, ավելորդ խոչընդոտ ստեղծելը միջանցքում մեր բնակչության համար անընդունելի է։ Եվ մենք այդ պահանջը դրել ենք։ Թե ինչպես էին նախատեսում, մեզ դա չհետաքրքրեց, մեզ համար երկրոդական էր», – եզրափակեց պատգամավորը։