Սպիտակի երկրաշարժ․ Հայաստանի ժամանակակից պատմության ամենադաժան ողբերգություններից մեկը

Երեսունչորս տարի առաջ՝ 1988 թվականի դեկտեմբերի 7-ին, տեղի է ունեցել Հայաստանի ժամանակակից պատմության ամենադաժան ողբերգություններից մեկը։ Այդ օրը ժամը 11։41-ին ավերիչ երկրաշարժից ցնցվեցին Հայաստանի հյուսիսային շրջանները։

Անմիջապես էպիկենտրոնում գտնվող Նալբանդ գյուղն ու մերձակայքում գտնվող Սպիտակ քաղաքը հողին հավասարվեցին։ Մեծապես տուժեցին հանրապետության մեծությամբ երկրորդ և երրորդ քաղաքները՝ Լենինականն (Գյումրի) և Կիրովականը (Վանաձոր)։ Գրեթե ամբողջությամբ ավերվեցին բարձրահարկ շենքերը, պատճառ դառնալով մեծաթիվ զոհերի։

Անօթևան մնաց 514 հազար մարդ: Տարբեր աստիճանի վնասվածքներ ստացավ մոտ 20 հազարը, զոհերի թիվը ավելի քան 25 հազար: Զոհեր շատ են եղել հատկապես Գյումրիում՝մոտ 15-17 հազար և Սպիտակում՝ 4 հազար մարդ:

Երկրաշարժի հետևանքով ավերվեց ՀՀ-ի ամբողջ բնակֆոնդի 17 տոկոսը, դադարեց գործել 100-ից ավելի արդյունաբերական ձեռնարկություն, մեծ վնաս հասավ նաև ճարտարապետական, պատմական, արվեստի հուշարձաններին:

ԽՍՀՄ բոլոր հանրապետությունները, ամբողջ աշխարհը օգնության շտապեցին տուժած Հայաստանին։

Ավերակների մաքրման աշխատանքներին մասնակցում էին խորհրդային բանակի մի քանի հազար զինվոր ու սպա։ Մայր Հայաստանի կողքին էր նաև Սփյուռքը։

Մեր հայրենակիցները բազմաթիվ նախաձեռնությունների շրջանակում, անհատապես իրենց օգնությունն էին առաջարկում: Նրանց կողմից ստեղծվեցին «ՍՈՍ Արմենի», «Ազնավուրը Հայաստանին» և տասնյակ այլ կազմակերպություններ։ Բազմաթիվ սփյուռքահայ  մասնագետներ շտապեցին Հայաստան՝ բժիշկներ, հոգեբաններ, շինարարներ, ճարտարապետներ, մնացին այստեղ և մասնակցեցին փրկարարական և վերականգնողական աշխատանքներին։

Սկսվեց տուժած շրջանների ակտիվ վերականգնման ծրագիրը, որը ընդհատվեց ԽՍՀՄ փլուզմամբ։

34 տարի անց անօթևան դարձած մարդկանց մեծ մասը ապահովվել է բնակարաններով։ Սակայն Շիրակի ու Լոռու մարզերում դեռ կան ընտանքիներ, որոնք շարունակում են գոյատևել տնակներում ու ժամանակավոր կացարաններում։

Աղետի գոտում 2023 թվականից ոչ հիմնական շինությունները կապամոնտաժվեն, գործընթացն իրականացվելու է փուլային տարբերակով: