Պետական պաշտոնյաների բազային աշխատավարձը կբարձրանա և կկազմի 83 200 դրամ

Ազգային ժողովը քննարկում է «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում փոփոխությունների հարցը։

Նախագծով առաջարկվում է առանձնակի ռիսկային և մասնագիտացում պահանջող պաշտոն զբաղեցնողների, ինչպես նաև Սահմանադրական դատարանի նախագահի, փոխնախագահի և դատավորի պաշտոններ զբաղեցնող անձանց լրացուցիչ աշխատավարձը` հավելումը և հավելավճարը, նվազեցնել բազային աշխատավարձի բարձրացման չափով: Այս մասին ասել է ՀՀ վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակի ղեկավար Վաչե Քալաշյանը:

Կառավարության հեղինակած ««Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ քննարկվել է Ազգային ժողովի դեկտեմբերի 6-ի հերթական նիստում:

Ըստ առաջարկվող փոփոխությունների` Սահմանադրական դատարանի նախագահի, փոխնախագահի և դատավորի համար սահմանված 80 տոկոս հավելումը դառնում է 70 տոկոս: Հակակոռուպցիոն դատարանի դատավորի համար սահմանված 70 տոկոս հավելումը` 60 տոկոս:

Վերաքննիչ քրեական դատարանի կոռուպցիոն հանցագործությունների գործերը քննող առանձին դատավորների համար սահմաված 60 տոկոս հավելումը ևս կնվազեցվի` դառնալով 55 տոկոս:

Հակակոռուպցիոն կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց, ինչպես նաև կոմիտեի ծառայողների` մինչ այդ սահմանված 100 տոկոս հավելումը կնվազի` դառնալով 92 տոկոս:

Վաչե Քալաշյանի պարզաբանմամբ՝ նվազեցումները պայմանավորված են այն հանգամանքով, որ 2023 թ. հունվարի 1-ից նվազագույն աշխատավարձը սահմանվել է 75.000 դրամ, որի արդյունքում, օրենքով սահմանված կարգով, պետք է բարձրանա նաև պետական պաշտոն և պետական ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց բազային աշխատավարձը` կազմելով 83.200 դրամ: «Եվ որպեսզի հավելումներով պայմանավորված լրացուցիչ և հիմնական աշխատավարձերի համախառն եկամուտի խզվածքն այլ համանման գործառույթներ իրականացնող անձանց միջև չմեծանա, առաջարկվել են վերոնշյալ փոփոխությունները»,- նշել է Վաչե Քալաշյանը:

Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը, կարևորելով նվազեցումները, նշել է, որ պետք է պահպանվեն արարողակարգային, սանդղակային առանձնահատկությունները:

Նշենք, որ այժմ բազային աշխատավարձը կազմում է 66,140 դրամ։