Նիկոլը` Հայաստանի, Արցախի և հայության թիվ 1 ներքին թշնամին, Արցախն Ադրբեջանին հանձնելու տարբերակն է ընտրել

Նախ անդրադառնանք այն հարցին, թե մինչև տարեվերջ կիրականանա՞  Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլի ցանկությունը, և ինքն ու Ալիևը կհանդիպե՞ն, կստորագրե՞ն «խաղաղության պայմանագիր» կոչվածը` հայերիս համար աղետալի հերթական փաստաթուղթը, թե ոչ:

Թեև Ալիևը պնդելով, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը չպետք է մասնակցի այդ հանդիպմանը, բոյկոտել է այն, սակայն չենք կարող բացառել, որ Նիկոլի և Ալիևի կամ նրանց ներկայացուցիչների, օրինակ, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների միջև գաղտնի բանակցություններ են ընթանում, որոնց արդյունքում Ամանորի շեմին վերոնշյալ հանդիպումը կկայանա առանց Մակրոնի մասնակցության, և «խաղաղության պայմանագիրը» կստորագրվի:

Չենք պնդում, թե «խաղաղության պայմանագիրը» մինչև Նոր տարի կստորագրվի, ուղղակի իմանալով Նիկոլի խորամանկությունն ու նենգությունը, չենք բացառում դրա հնարավորությունը: Այսինքն` 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից առավել կապիտուլյացիոն և աղետալի փաստաթղթի ստորագրումը Նոր տարվան մոտ, ավելի հավանական է, 29-ին կամ 30-ին, որպեսզի մարդկանց ուշադրությունը շեղված լինի Նոր տարուն նախապատրաստվելով, դրա հետ կապված առևտրային և այլ հոգսերով, փողոցներում շատ մարդ չհավաքվի, լուրջ ընդվզում չլինի (ի հավելումն նշվածի, դեկտեմբերի եղանակն էլ կարող է իր դերը կատարել):

Մինչև Ամանո՞ր կստորագրվի «խաղաղության պայմանագիր» կոչվածը, թե մինչև գարուն, առանձնապես էական չէ: Էականն այն է, որ ներքին թիվ 1 թշնամին` Նիկոլը, մտադիր է նշված փաստաթղթի ստորագրմամբ ու դրանով Արցախը բառացիորեն կամ ըստ էության (դա կախված կլինի փաստաթղթի ձևակերպումներից) Ադրբեջանի մաս ճանաչելով, մեր արտաքին թշնամուն հանձնել Արցախը:

Որ Նիկոլը ձևացնելով, թե կողմ է «խաղաղության պայմանագրի» ռուսական տարբերակի ստորագրմանը, որում Արցախի կարգավիճակի որոշումը թողնվում է հետագային, իրականում մտադիր է ստորագրել պայմանագրի ամերիկյան կամ արևմտյան տարբերակը (Արցախն Ադրբեջանի կազմում), նույնիսկ թերհավատների մոտ կասկած չպետք է մնա ս. թ. դեկտեմբերի 1-ի մամուլի ասուլիսում ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի պատասխանից հետո:

Նիկոլը մտադիր է Արցախը հանձնել նրա բնակչության անվտանգությունը երաշխավորելու վերաբերյալ Ալիևից ստացած կամ ստացվելիք կեղծ խոստումների դիմաց (իրականում, շատ հնարավոր է, միլիարդավոր դոլարների դիմաց…)` ինքն էլ հրաշալի հասկանալով Ալիևի խոստման կեղծ լինելը և Արցախի բնակչությանը սպասվող ցեղասպանությունը, բռնագաղթը կամ հարկադիր գաղթը, ինչպես նաև «խաղաղության պայմանագիր» կոչվածով ոչ թե ապահովվող, այլ հասունացվող պատերազմը:

Նիկոլը մտադիր է Արցախը հանձնել իրավական ուժ չունեցող, ի սկզբանե լեգիտիմությունից զուրկ փաստաթղթով, սակայն տվյալ հանգամանքն Ալիևին չի խանգարի «խաղաղության պայմանագրի» ստորագրումից հետո Ռուսաստանից պահանջել, որ ՌԴ-ն վերանայի 09.11.2022թ, եռակողմ հայտարարության  3-րդ և 4-րդ կետերը, և իր խաղաղապահ զորակազմը դուրս հանի Արցախից:

Ալիևը Նիկոլի տված առիթից օգտվելով, կպատճառաբանի, որ իր և Հայաստանի միջև Արցախի առնչությամբ այլևս որևէ խնդիր չկա, Հայաստանն Արցախն արդեն ճանաչել է որպես Ադրբեջանի մաս և այն Ադրբեջանի մաս է, Ադրբեջան, իսկ Ադրբեջանը չի ցանկանում, որ օտար զորախումբն իր երկրի տարածքում լինի: Ավելին. հնարավոր է նույնիսկ «խաղաղության պայմանագրում» ներառվի դրույթ, ըստ որի, 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 3-րդ կետը կորցնում է իր ուժը:

Եթե «խաղաղության պայմանագրով» Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու, ամրագրելու Նիկոլի մտադրության առումով Լավրովը ճիշտ չի ասել, եթե մեր վերոնշյալ ահազանգը չի համապատասխանում իրականությանը, ապա այդ դեպքում Նիկոլը թող հրապարակայնորեն հայտարարի, որ «խաղաղության պայմանագիրը» կարող է ստորագրվել միայն Արցախի Հանրապետության կարգավիճակի հարցի որոշումն այդ պայմանագրով հետագային կամ ապագային թողնելու դեպքում, միայն այդ պայմանով, այսինքն` Ռուսաստանի, և ոչ թե` ԱՄՆ-ի կամ Արևմուտքի առաջարկած տարբերակով: Քանի դեռ նրա կողմից չի եղել նշված հայտարարությունը, սպասեք այս զգուշացման իրականություն դառնալուն, սպասեք վատթարագույնին…

Բայց Լավրովի ասածը Նիկոլը, արդեն 5-րդ օրն է, չի հերքել` դրանով իսկ հաստատելով, որ Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու, նրան հանձնելու իր մտադրության առումով ՌԴ արտգործնախարարի ասածը ճիշտ է: Նիկոլը, որն իր ֆեյսբուքյան էջում բազմաթիվ գրառումներ է կատարել նույնիսկ տասներորդական կարևորության ու նույնիսկ կենցաղային իրադարձությունների առնչությամբ, Լավրովի ասածի կապակցությամբ առ այսօր լռում է:

«Խաղաղության պայմանագիր» կոչվածով Արցախն Ադրբեջանին հանձնելն ինչ- որ կերպ կանխելու համար անհրաժեշտ է, որ Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը, կառավարությունը և Ազգային ժողովն անհապաղ հանդես գան համատեղ հայտարարությամբ, որ Նիկոլն Արցախի Հանրապետության կողմից հետայսու լիազորված չէ Արցախի Հանրապետությանը, Արցախին կամ Լեռնային Ղարաբաղին ուղղակիորեն կամ անուղղակիորեն առնչվող որևէ փաստաթուղթ ստորագրել, միաժամանակ, պահանջեն չստորագրել այդպիսի փաստաթուղթ:

Սա նաև Հայաստանում ապրող հայերիս պահանջն է: Նկատի ունենալով, որ Արայիկ Հարությունյանը կարող է հրաժարվել վերոնշյալ հայտարարության տակ ստորագրել, Արցախի բնակչությունն այդ դեպքում, որպես վերջին միջոց, կարող է հարկադրված լինել հանրային ճնշում գործադրել նրա վրա, ընդհուպ` նախագահի աշխատավայրի արգելափակմամբ:

Նկատի ունենալով վերջին ու վերջին շրջանի իրադարձությունները, առկա իրավիճակը, հնարավոր է նույնիսկ, որ բանը չհասնի «խաղաղության պայմանագրի» ստորագրման, Նիկոլի վարած քաղաքականության հետևանքով սկսվի մեծ պատերազմ, Վայոց Ձորով (Ջերմուկով…) կամ (և) Սյունիքով միջանցքը, Հայաստանի տարածքների մի մասը և Արցախն Ադրբեջանին հանձնվի պատերազմով (առնվազն` դրա փորձն արվի), փաստաթուղթը ստորագրվի դրանից հետո, ինչպես դա արվեց Քառասունչորսօրյա պատերազմով ԱՀ տարածքի շուրջ 75 տոկոսը հանձնելով ու դրանից հետո, 2020թ. նոյեմբերի 9-ին կապիտուլյացիոն փաստաթուղթը ստորագրելով:

 

Արթուր Հովհաննիսյան