Ինչի՞ դիմաց են թուրքերը համաձայնել բացել ճանապարհը

Ադրբեջանական զինծառայողները Արցախ-Հայաստան միակ ճանապարհը փակել էին պահանջելով՝

․ փակել Մարտակերտի Ճանկաթաղ գյուղի ոսկու հանքը, իբր թե հանքի շահագործումը բնապահպանական խնդիրներ է առաջացնում,

․ ադրբեջանցի “փորձագետների խմբի” ազատ մուտքը Արցախի հանքերի տարածք՝ օգտակար հանածոների “ապօրինի շահագործման” “հետաքննություն և մշտադիտարկում” իրականացնելու։

ԱՐԴՅՈ՞Ք ՆՐԱՆՑ ԱՅՍ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ԲԱՎԱՐԱՐՎԵԼ ԵՆ։

Եթե ոչ, հրաշալի է։

Եթե այո, նշանակում է

․ Արցախի նկատմամբ Ադրբեջանի բացահայտ ցեղասպանական քաղաքականության հերթական ահաբեկչական դրսևորումը հաջողվել է, թշնամին ևս մի նախադեպ է ստեղծել՝ մեզ հետ շանտաժի լեզվով խոսելու և իր ցանկացածը ստանալու համար,

․ ևս մեկ-երկու նման “հաջող” փորձ և թշնամին այլևս չի բավարարվի Արցախի Հանրապետությունը ՀՀ-ին միացնող միակ ճանապարհը մի քանի ժամ փակ պահելով, այլ վերջնականապես կփակի այն՝ ամբողջական շրջափակման մեջ առնելով Արցախն ու իր 120000 բնակչությունը,

․ Արցախի Հանրապետության ամբողջական հայաթափմանն ու գրավմանն ուղղված իր քայլերում թշնամին ուժեղացնում է տնտեսական ճնշման գործոնը՝ փորձելով տնտեսական կարևորագույն օբյեկտների փակմամբ Արցախը կանգնեցնել տնտեսական աղետի առաջ և զրկելով Արցախը գոյատևման հնարավորությունից,

․ Արցախում այս գործիքակազմի հաջողության պարագայում Ադրբեջանը վստահաբար այն կիրառելու է նաև ՀՀ տարածքում, օրինակ՝ մի գեղեցիկ օր Իշխանասարի հատվածում կփակի Երևան-Սյունիք-Արցախ/Իրան մայրուղին ու կբավարարի իր հերթական պահանջ-վերջնագիրը․․․

 

Ալվինա Աղաբաբյան