ԵԽ պատգամավորը ԵՄ-ին առաջարկում է որպես Ադրբեջանին զսպող առաջնային քայլ հրաժարվել գազային գործարքից

Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Լարս Պատրիկ Բերգը համոզված է, որ Ադրբեջանի իշխանությունները միջազգային նորմերը կընդունեն միայն այն դեպում, եթե նրանց ստիպեն անել դա. այս առումով նա առաջնային քայլ է համարում, որպեսզի ԵՄ-ը հրաժարվի  Ադրբեջանի հետ գազային գործարքից:

Պատգամավորը նման համոզմունք հայտնեց «Արմենպրես»-ի հետ զրույցում՝ անդրադառնալով ադրբեջանական հերթական սադրանքին՝ Արցախը Հայաստանին կապող միակ մայրուղին փակելու միջադեպին:

«Այս մշտական սադրանքները պետք է անհապաղ դադարեցվեն։ Ես կոչ եմ անում եվրոպական կառույցներին և միջազգային հանրությանը՝ հայտնել իրենց խորը մտահոգությունն այս վերջին միջադեպի առնչությամբ, որը վնաս է հասցնում շարունակական խաղաղության և հաշտեցման ջանքերին»,-ասաց Եվրախորհրդարանի պատգամավորը:

Պատգամավորը շեշտեց՝ հիմա լարվածությունը թուլացնելու ժամանակն է: Ըստ նրա՝ ստիպված են ընդունել, որ Ադրբեջանի իշխանությունները միջազգային նորմերը կընդունեն միայն այն դեպում, եթե նրանց ստիպեն դա անել: «Թերևս, մեր առաջին քայլը գազային գործարքից հրաժարվելն է»,-ընդգծեց Լարս Պատրիկ Բերգը: