Պետդեպարտամենտը մեկնաբանել է Սնոուդենի կողմից ռուսական անձնագիր ստանալը

ԿՀՎ նախկին գործակալ Էդվարդ Սնոուդենի կողմից ռուսական անձնագիր ձեռք բերելը միայն հաստատում է նրա երկարամյա հավատարմությունը Ռուսաստանին, ասել է ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայսը։

Նա նշել է, որ Վաշինգտոնը տեղյակ է Սնոուդենի՝ Ռուսաստանի քաղաքացիություն ստանալու մասին։

«Իհարկե, մենք ի վիճակի չենք հաստատել, թե արդյոք դա իրականում այդպես է: Միակ բանը, որ ես կարող եմ ավելացնել, այն է, որ պարոն Սնոուդենը վաղուց է ազդարարել իր հավատարմությունը Ռուսաստանին: Այս քայլը միայն պաշտոնականացրեց դա», – «ՌԻԱ Նովոստի»-ն մեջբերել է Պետդեպարտամենտի ներկայացուցչի խոսքերը:

Նախօրեին ԿՀՎ նախկին սպայի փաստաբան Անատոլի Կուչերենան հայտնել էր, որ իր պաշտպանյալը երդվել է և ստացել ռուսական անձնագիր։ Նշվում է, որ Սնոուդենի կինը այժմ դիմում տալու ընթացքում է։

Սնոուդենի խոսքով՝ ամերիկյան իշխանությունները չեղարկել են նրա անձնագիրը։

«Ես Ռուսաստանում եմ, քանի որ Սպիտակ տունը միտումնավոր չեղարկել է իմ անձնագիրը, որպեսզի ես այստեղ մնամ թակարդում», – «Թվիթերում» գրել է ԱՄՆ հետախուզության նախկին աշխատակիցը։

2013 թվականի հունիսին ԱՄՆ հետախուզության նախկին աշխատակիցը մեծ միջազգային սկանդալ է նախաձեռնել. The Guardian-ին և The Washington Post-ին հանձնել է փաստաթղթեր, որոնք տեղեկություններ են պարունակում ամերիկյան իշխանությունների կողմից քաղաքացիների նկատմամբ կիրառվող լրտեսության մեթոդների մասին, ինչպես նաև մանրամասներ հայտնել համաշխարհային առաջնորդների հեռախոսային խոսակցությունների գաղտնալսումներից։

Գաղտնի տվյալների բացահայտումից հետո Սնոուդենը մեկնել է Հոնկոնգ, իսկ ավելի ուշ ժամանել Մոսկվա։ Ռուսաստանը Սնոուդենին մեկ տարով ժամանակավոր ապաստան է տվել՝ ԱՄՆ-ի դեմ գործունեությունը դադարեցնելու պայմանով։