Թուրքիան Ռուսաստանից երեկվա դրությամբ ստացա՞վ այն, ինչ ակնկալում էր ստանալ, ՌԴ-ն կարողացա՞վ համոզել Էրդողանին, որ Սիրիայի դեմ չպատերազմի

Ռուսական դիվանագիտությունը փորձում է հնարավոր ամեն ջանք գործադրել ու Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին համոզել, որ Թուրքիան ձեռնպահ մնա Սիրիայում ցամաքային լայնամասշտաբ ռազմագործողությունից, ինչը կարող է հանգեցնել Թուրքիայի և Սիրիայի միջև պատերազմի:

Ինչպես արդեն նշել ենք մեր հրապարակումներից մեկում , Մերձավոր Արևելքում իր կարևորագույն դաշնակցին փրկելու նպատակով այդ պատերազմում կարող է հարկադրաբար ներգրավվել Ռուսաստանը: Եթե դա տեղի ունենա, ապա ԱՄՆ-ի սադրանքը կհասնի իր նպատակին` Սիրիայում Թուրքիայի դեմ պատերազմով ՌԴ-ի հանար կբացվի 2-րդ ճակատ…

«Թուրքիան գրեթե հայտարարեց հարձակվելու իր մտադրության մասին, իսկ հետո…» վերտառությամբ մեր 28.11.2022թ. վերլուծականում  հղում կատարելով «Shafaq News» պորտալին, ըստ որի, Թուրքիայի ռազմաօդային ուժերը վերսկսել են ավիահարվածներն Իրաքի հյուսիսում գտնվող Իրաքյան Քրդստանի տարածքին, նշել էինք, որ Թուրքիան շարունակելով իր ռազմագործողությունը, չնայած ավելի վաղ իր հոխորտանքներին կամ սպառնալից ակնարկներին, Սիրիայի տարածքում իր թիրախներին նույնիսկ ավիահարվածներ չի հասցրել:

Եվ ավելին. Էրդողանը, РБК-ի տեղեկացմամբ , հայտարարել էր, որ մոտ ապագայում Թուրքիայի և Սիրիայի հարաբերությունները կարող են կարգավորվել։

«Առաջիկա ժամանակաընթացքում նման նրան, ինչպես սկսվեց գործընթացը Եգիպտոսի հետ, այնպես էլ կարող է սկսվել նմանը Սիրիայի հետ։ Քաղաքականության մեջ չի լինում վիրավորվածություն»,- Էրդողանի խոսքերը մեջբերելով, գրել է «Anadolu» գործակալությունը Twitter-ում:

Բնականաբար, զարմանալի էր, թե արյունարբու Թուրքիայի արյունարբու առաջնորդն այդ ինչո՞ւ և ինչպե՞ս հանկարծակի դարձավ բարի, չանցավ Սիրիայում ցամաքային լայնամասշտաբ ռազմագործողությունների ու նույնիսկ հնարավոր համարեց Սիրիայի հետ բարիդրացիական կամ նորմալ հարաբերությունների հաստատումը…Ներկայացրել էի նաև հնարավոր բացատրությունները, ի դեպ, նկատի ունենալով նաև ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի ասածը :

Բացատրություն 1. այս պահին մեծ պատերազմը չգնահատելով  նպատակահարմար ու խորամանկորեն ցույց տալով, որ բավարարեց Սիրիայում ցամաքային լայնամասշտաբ ռազմագործողություն չսկսելու ՌԴ պահանջը կամ խնդրանքը, Թուրքիան սպասում է երկրում քրդի կամ քրդերի ձեռքով հաջորդ ահաբեկչությանը (այն միգուցե շատ չուշանա…), որից հետո կհայտարարի հետևյալը` բա՛վ է, Թուրքիան այլևս չի կարող համբերել ու հանդուրժել, Ռուսաստանն այս անգամ էլ չկատարեց իր պարտավորությունները, ինչից հետո կանցնի Սիրիայում իր նպատակների իրականացմանը:

Բացատրություն 2. ՌԴ-ին հաջողվեց բանակցությունների, դիվանագիտական աշխատանքի արդյունքում Թուրքիային համոզել, որ ձեռնպահ մնա Սիրիայում ցամաքային լայնամասշտաբ ռազմագործողություններից, բայց նշված արդյունքին հնարավոր է եղել հասնել քաղաքական առևտրով, հետևաբար շատ հետաքրքիր է, թե դրա դիմաց ՌԴ-ն ինչ է զիջել Թուրքիային, ինչ է խոստացել անել կամ չանել…

Հետագա իրադարձությունները հուշում են, որ նոյեմբերի 28-ի կամ 29-ի դրությամբ Թուրքիան Ռուսաստանից, բացի խոստումներից, չէր ստացել այն, ինչ ակնկալում էր ստանալ, հետևաբար որոշել էր Սիրիային օդային նոր հարվածներ հասցնելով, շարունակել ՌԴ-ի վրա ճնշում գործադրել, քանի դեռ իր ուզածը փաստացի չի ստացել: Թուրքիան վերսկսել էր Սիրիայի տարածքին իր ավիահարվածները, կարծես Թուրքիային աջակցելով ու նրա հետ ներդաշնակ, Սիրիայում իր թիրախներին հարվածել էր նաև Իսրայելը:

Այս ամենն առաջացրել է Չինաստանի խիստ անհանգստությունը: Ինչպես նոյեմբերի 29-ին հայտարարել է ՄԱԿ-ում Չինաստանի ներկայացուցչի տեղակալ Գեն Շուանը, Չինաստանը կոչ է անում Թուրքիային և Իսրայելին անհապաղ դադարեցնել Սիրիայի վրա իրենց հարձակումները:

«Մենք պետք է ամուր կերպով պաշտպանենք Սիրիայի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը,-  «ՌԻԱ Նովոստի»-ի տեղեկացմամբ , ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում ասել է նա:- Սիրիայում անվտանգային իրավիճակը շարունակում է մնալ անկայուն: Թուրքիան օդային հարվածներ է հասցրել Սիրիային և հայտարարել, որ ցամաքային գործողություն է իրականացնելու Սիրիայի դեմ: Սիրիայի դեմ Իսրայելի օդային հարվածները նույնպես շարունակվել են

Շուանի խոսքով՝ այս բոլոր գործողությունները կոպտորեն խախտում են Սիրիայի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը և կարող են հանգեցնել սիրիական հակամարտության սրման ու տարածման։

«Չինաստանը հայտնում է իր խորը մտահոգությունը,- ասել է դիվանագետը:- Մենք Թուրքիային և Իսրայելին կոչ ենք անում անհապաղ դադարեցնել անդրսահմանային հարձակումները, խուսափել ցանկացած գործողությունից, որը կարող է սրել իրավիճակը, և շարունակել երկխոսությունը` համապատասխան խնդիրները լուծելու համար»։

Չինաստանն անհանգստացած է, որ թուրք-սիրիական պատերազմի բռնկման ու դրանում ՌԴ-ի ներգրավման դեպքում ոչ միայն կարող է իր դաշնակցի` ՌԴ-ի համար 2-րդ ճակատ բացվել (դրանից բխող ծանր հետևանքներով…), այլև ռազմական գործողությունները կարող են նույնիսկ դուրս գալ Սիրիայի տարածքից և, ի վերջո, հանգեցնել Երրորդ համաշխարհային պատերազմի ու միջուկային զենքի գործադրման:

Նույն օրը` նոյեմբերի 29-ին, Էրդողանը, «Известия»-ի տեղեկացմամբ , հայտարարել էր, որ Անկարան այլ պետությունների առջև հաշվետու չի լինի Սիրիայում և Իրաքում ռազմական գործողությունների համար։ Նա սպառնացել է, որ չի հանդուրժի կեղծավորությունը ահաբեկիչներին աջակցող երկրների կողմից։

Հավելենք, որ վերջին երկու շաբաթվա ընթացքում Թուրքիան չի մասնակցել Սիրիայի տարածքում համատեղ պարեկային գործողություններին, մինչդեռ ոչ մի պատճառաբանված մերժում չի ներկայացրել։ Այս մասին նոյեմբերի 30-ին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Սիրիայում պատերազմող կողմերի հաշտեցման ռուսական կենտրոնի ղեկավարի տեղակալ, գեներալ-մայոր Օլեգ Եգորովը։

Թուրքիան Ռուսաստանից երեկվա դրությամբ ստացա՞վ այն, ինչ ակնկալում էր ստանալ… Թեև դեկտեմբերի 1-ի մամուլի ասուլիսում ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի որոշ պատասխաններ այս առումով ինչ- որ բան հուշում են, բայց իրականությունն անսխալ կերպով կարող է ցույց տալ միայն ժամանակը:

 

Արթուր Հովհաննիսյան