Մեր արած ծակերը ուրիշ են․ Տիգրան Ավինյանը պնդում է

Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը այսօր՝ դեկտեմբերի 2-ին, մամուլի ասուլիսին խոսելով լուսավորություն տեղադրելու նպատակով Հանրապետության հրապարակի շենքերի վրա արված անցքերին՝ նշեց․ «Լուսավորության աշխատանքները կատարվել են մասնագետների կողմից. քաղաքացիների մտահոգությունը վստահաբար փարատվելու է, քանի որ աշխատանքային խմբերից մեր պահանջը եղել է, որ այն նվազագույն միջամտությունը, որ արվում է, հետագայում շենքերն անվնաս վերադարձվելու են նախնական տեքստին»:

Հարցին, թե որքան վնաս է կրել Հանրապետության հրապարակը այս ամենի հետևանքով, Ավինյանը պատասխանեց. «Վնաս որպես այդպիսին քաղաքը չի կրել, այն թեմաները, որոնք շրջանառվում են, այն նկարները, որոնք տարածվում են համացանցում, այն պատկերները, որոնք կապվել են քաղաքապետարանի աշխատանքների հետ, մետաղյա ձողերը, զարդանախշի մեջ, կներեք արտահայտությանս համար «բոլտը», մեզ հետ կապ չունեն։ Այո, այդ շենքերին ժամանակին շատ մեծ վնասներ են հասցվել, և այդ վնասները նույնպես այս ընթացքում արձանագրել ենք, գարնանը պատրաստվում ենք անդրադառնալ այդ հարցերին: Որպես այդպիսին իրականացվել է նվազագույն միջամտություն լուսավորության տեղադրման համար»:

Երևանի մեկ այլ փոխքաղաքապետ՝ Սուրեն Գրիգորյանն էլ հավելեց. «Խորը հետազոտություն անելու անհրաժեշտություն չկա, որպեսզի հասկացվի՝ այսօր Հանրապետության հրապարակի շենքերի վրա առկա ձողերը, անցքերը կապ ունեն այս նախագծի հետ, թե ոչ: Եթե վրան լուսավորություն կախված է, ուրեմն կապ ունի, եթե կախված չէ, ուրեմն կապ չունի»:

Դիտարկմանը, որ շուրջ 500 տեղ ծակվել են քարերը եւ լույսեր են ամրացվել, դրանով չի՞ վնասվում քարը, փոխքաղաքապետը պատասխանեց. «Ոչ, վնաս չէ, դա այն միջամտությունն է, որ ողջամիտ ու անհրաժեշտ էր այդ զարդարանքը տեղադրելու համար, իսկ հետեւանքները վերացվելու են: Այն ծակերը, որ արվել են եւ մենք չենք հերքում, որ արվել են, դա ուրիշ է, զարդանախշերի մեջ մխրճված հեղույսը ներկայացնելը ուրիշ է»: