Ալիևն ու Փաշինյանը Սոչի էին բերել Պրահայի փաստաթուղթը․ Լավրով

Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Եվրոպայի անվտանգությանը նվիրված ասուլիսում անդրադարձել է հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացին։

«Պատերազմի դադարից հետո եռակողմ հայտարարություներով խոսվում էր քաղաքական գործընթաց տանելու ու Ղարաբաղի կարգավիճակի հարցը ապագային թողնելու մասին։ Երբ Սոչիում հանդիպեցինք հոկտեմբերի վերջին, մենք ցանկանում էինք այդ հարցին անդրադառնալ և հասկանալ՝ որքանով են գործընկերը պատրաստ լուծել բոլոր հարցերը, իսկ Ղարաբաղի կարգավիճակի հարցը թողնել հետոյին։

Բայց երբ Ալիևն ու Փաշինյանը եկան Սոչի, նրանք իրենց հետ բերեցին հենց այն փաստաթուղթը, որում ասվում էր, որ նրանք ցանկանում են խաղաղության պայմանագիր կնքել՝ առաջնորդվելով ՄԱԿ կանոնադրությամբ և Ալմաթիի հռչակագրով։ Իսկ այդ դեկլարացիան հստակ ասում է, որ նոր պետությունների սահմանները հիմնվում են ԽՍՀՄ նախկին պետությունների վարչական սահմանների վրա, որտեղ Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզը, միանշանակ, սովետական Ադրբեջանի մաս է։ Այդ պատճառով, երբ հայ գործընկերները, ստորագրելով այդ համաձայնությունը, ասում են՝ թող Ռուսաստանը վերահաստատի իր առաջարկները Ղարաբաղի կարգավիճակի հարցով, ապա դուք էլ եք հասկանում, որ դա բանակցություններ վարելու օպերայից չէ, այլ ուրիշ տեղից է»,- նշել է Լավրովը։