Առանց ՌԴ քարտեզների՝ սահմանազատում չի կարող անցկացվել

Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Եվրոպայի անվտանգությանը նվիրված ասուլիսում անդրադարձել է հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացին։

«Ներկայումս թե՛ ֆրանսիացիները, թե՛ ամերիկացիներն ու ԵՄ-ն փորձում են կոմպենսացնել իրենց կողմից թաղված Մինսկի խումբը և խցկվել միջնորդական գործընթացում։ Փորձում են վերցնել և սեփականաշնորհել այն համաձայնությունները, որոնք կողմերը ձեռք են բերել Ռուսաստանի միջնորդությամբ։ Օրինակ Բրյուսելում անցկացնում են սահմանազատման հանձնաժողովի նիստ։ Հայերն ու ադրբեջանցիները պարկեշտ մարդիկ են, այնտեղ գնում են։ Բայց ինչպես կարելի է սահմանազատում քննարկել, եթե քարտեզներ չունեն, իսկ քարտեզները ՌԴ ԳՇ-ում են։ Նույնը Պրահայում է։ Ստորագրել են փաստաթուղթ, ըստ որի՝ սահմանազատումն ու խաղաղության պայմանագիրը պետք է լինի ՄԱԿ կանոնադրության և Ալմաթիի հռչակագրով։

Իսկ Ալմաթիի հռչակագրում ասվում է, որ բոլոր միութենական պետությունները ձևավորում են ԱՊՀ և հաստատում սահմանների անխախտելիությունը՝ ԽՍՀՄ սահմաններով։ Այդ ժամանակ ԼՂ ինքնավար մարզը միանշանակ Ադրբեջանի կազմում էր։ Դա հաստատվել է թե՛ Մակրոնի ու Միշելի, թե՛ Հայաստանի ու Ադրբեջանի միջև՝ ըստ ստորագրված պայմանագրի։ Դա դյուրացնում է գործը, լուծում է հարցը, թե ինչպես մոտենալ ԼՂ կարգավիճակի հարցին։ Իզուր չէ, որ ՀՀ ղեկավարությունը վերջին շրջանում խոսում է ոչ թե կարգավիճակից, այլ իրավունքներից։ Ադրբեջանական կողմը պատրաստ է դրան, պատրաստ է քննարկել դա, երաշխիքներ տալ Ղարաբաղի հայերին՝ կապված այն իրավունքների հետ, որոնք ունեն Ադրբեջանի մյուս քաղաքացիները։ Մինսկի խումբը բոլորը մոռացել են։ Այն թաղել են ԱՄՆ-ը և Ֆրանսիան»։