10 մլրդ դրամի պետական աջակցություն ՏՏ ոլորտին

«Նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ ներկայումս տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային շուկայում բազում փոփոխություններ են տեղի ունենում, որոնք շղթայական ազդեցություն են ունենում նաև մեր այս ոլորտի վրա»,-կառավարության նիստում հայտնեց բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը՝ զեկուցելով  «ՏՏ ոլորտում գործունեություն իրականացնող առևտրային կազմակերպություններին և անհատ ձեռնարկատերերին պետական աջակցության տրամադրման կարգը հաստատելու մասին» որոշման նախագիծը:

Աջակցության նախագիծը նախարարը հիմնավորեց նաև դրամի արժևորման հետևանքով ՏՏ ոլորտում գործող ընկերությունների՝ արտահանման արդյունքում ստացված եկամուտները դրամային արտահայտմամբ նվազմամբ:

Նա հիշեցրեց, որ մարտին աջակցման ծրագիր էր ներկայացվել 50 % եկամտային հարկի վերադարձի տեսքով, իսկ ԿԲ-ի հետ սկսել են ֆինանսական ռիսկերի կառավարման և ֆինանսական նոր գործարքների կիրառման քննարկումներ և դասընթացներ, բայց նոր իրողությունների ներքո այսօր կարող են տուժել ՏՏ ընկերությունները:

Ռոբերտ Խաչատրյանը հայտնեց, որ որոշմամբ առաջարկվում է պետական աջակցություն տրամադրել ՏՏ ոլորտի այն կազմակերպություններին ու անհատ ձեռնարկատերերին, որոնք 2022 թվականի հունիս-հոկտեմբեր ամիսներին իրենց աշխատակիցներին վճարվող աշխատավարձային ֆոնդը չեն կրճատել 20 %-ից ավելի, ինչպես նաև իրենց կողմից արտերկիր արտահանվող ծառայությունների ծավալն աջակցության տրամադրման ժամանակահատվածում կազմել է իրացման շրջանառության առնվազն 70 %-ը:

Նրա խոսքով՝ ծրագրով պետական աջակցությունը կլինի 10 մլրդ դրամի սահմաններում: