Սնդիկ պարունակող արտադրանքների ներմուծումն ու արտահանումը կարգելվի

Կառավարությունն իր այսօրվա՝ դեկտեմբերի 1-ի նիստում ընդունեց Հայաստանից արտահանման և Հայաստան ներմուծման համար արգելված սնդիկի հավելիչով արտադրանքի ցանկը սահմանելու մասին որոշումը:

Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ օրենքի համաձայն՝ օրենքն ուժի մեջ մտնելուց հետո վեց ամսվա ընթացքում Կառավարությունը սահմանում է սնդիկի հավելիչով արտադրանքի ցանկը, որոնց արտահանումը Հայաստանի Հանրապետությունից և ներմուծումը Հայաստանի Հանրապետություն արգելվում է։

Նախագծով նախատեսվում է արգելք սահմանել սնդիկի հավելիչով այն արտադրանքի ներմուծման և արտահանման վրա, որոնք չեն համապատասխանում այդ արտադրանքի անվտանգությունը կանոնակարգող Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգերով սահմանված պահանջներին:

Սույն Նախագծի հավելվածի ցանկում ներառված ապրանքների ներմուծման և արտահանման արգելքը վեց ամիս ժամկետով սահմանելը պայմանավորված է հետևյալ հանգամանքով.

Բազմաթիվ երկրներ դադարեցնելով սնդիկ պարունակող ապրանքների արտադրությունը անցում են կատարել այդ ապրանքների սնդիկ չպարունակող այլընտրանքների արտադրությանը և կիրառմանը:

Սնդիկային ջերմաչափերի փոխարեն օգտագործվում են՝ էլեկտրոնային ջերմաչափեր, ինֆրակարմիր ճառագայթով աշխատող (անհպում) ջերմաչափեր, ինչպես նաև հեղուկ նյութերով աշխատող ջերմաչափեր։

Սնդիկ պարունակող բարոմետրերի (մթնոլորտային ճնշումը չափելու սարք), հիգրոմետրերի (մթնոլորտային օդի և այլ գազի խոնավաչափ), մանոմետրերի (հեղուկների և գազերի ճնշումը չափելու սարք) և սֆիգմոմանոմետրերի (արյան ճնշումը չափելու սարք) փոխարեն օգտագործվում են սնդիկ չպարունակվող մեխանիկական և էլեկտրոնային սարքավորումներ։