Շինթույլտվության համար տեղական տուրքի դրույքաչափերը կբարձրանան 2-10 անգամ

Կառավարությունն իր այսօրվա՝ դեկտեմբերի 1-ի նիստում հավանություն տվեց օրինագծերի փաթեթին, որոնց նպատակը անավարտ շինություններն ավարտին հասցնելու հարցում կարգապահության բարձրացումն է:

Ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը ներկայացնելով փաթեթը՝ ասաց.

«Գտնում ենք, որ այսօր անավարտ շինություններn ավարտին չհասցնելու հիմնական պատճառներից մեկը տեղական տուրքի դրույքաչափերի ցածր լինելն է։ Երևանի ցանկացած գոտում 5000 քառակուսի մետր շինարարության համար տեղական տուրքի դրույքաչափը կազմում է 500 հազար դրամ։ Այժմ առաջարկվում է բարձրացնել տուրքի դրույքաչափերը՝ 2-ից մինչև 10 անգամ։

Այսինքն՝ Երևանի 1-4 գոտիներում թույլտվություն ստանալու համար այլևս 1 քառակուսի մետրի հաշվով առաջին անգամ շինարարական թույլտվություն ստանալու համար 5000 քառակուսի մետր շինարարության համար տեղական տուրքը կկազմի ոչ թե 500 հազար դրամ, այլ 1 մլն դրամ»,-ասաց նախարարը։

Նախատեսվում է նաև, որ սահմանված ժամկետում շինարարությունն ավարտին չհասցնելու դեպքում, երբ երկրորդ կամ երրորդ անգամ դիմեն շինարարական թույլտվության ժամկետը երկարացնելու համար, պետք է վճարեն ավելի բարձր դրույքաչափերով տեղական տուրք։ Ըստ նախարարի, այս օրենքների հիմնական նպատակը անավարտ շինությունների ավարտին հասցնելու հարցում կարգապահության բարձրացումն է։