Իրանը մեկ ամսվա ընթացքում կմիանա ԵԱՏՄ հետ ազատ առևտրին

ԵԱՏՄ հետ ազատ առևտրի գոտու կազմակերպման իրավաբանական ձևականությունները նախատեսվում է կարգավորել մեկ ամսվա ընթացքում։ Այս մասին հայտարարել է Իրանի արդյունաբերության, հանքերի և առևտրի փոխնախարար, Իրանի Առևտրի զարգացման կազմակերպության ղեկավար Ալիրեզա Փեյմանփակը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Փեյմանփակը և Ռուսաստանի Արդյունաբերողների և ձեռներեցների միության ղեկավար Ալեքսանդր Շոխինը չորեքշաբթի Սանկտ Պետերբուրգում «Ռուսաստանի արդյունաբերող» համաժողովի շրջանակում հուշագիր են ստորագրել Ռուսաստան-Իրան գործարար համագործակցության խորհրդի ստեղծման մասին:

«Հաշվի առնելով, որ մեկ ամսվա ընթացքում կավարտվեն ԵԱՏՄ-ում Իրանի ներկայության մասին վերջնական պայմանավորվածությունները և ձևականությունները, դա կարող է դրական գործոն լինել, որը կանդրադառնա համատեղ համագործակցության վրա», – ասել է Փեյմանփակը։

Նրա խոսքով՝ իրանական կողմը շահագրգռված է Եվրասիական տնտեսական միության շրջանակներում ազատ տնտեսական գոտու ստեղծմամբ, ինչպես նաև պատրաստ է այդ ազատ գոտուն տրամադրել հարավային նավահանգիստները՝ իրենց բոլոր արտոնություններով։