Ձեր Ադրբեջանն է, որ պիտի կցվի ԻԻՀ-ին. Իրանի խորհրդարանի պատգամավորի զգուշացումն Ալիևին

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վերջին հակաիրանական հայտարարություններից հետո Իրանի իսլամական խորհրդարանի պատգամավորները զգուշացնելով Ալիևին` հիշեցրել են որոշ պատմական ճշմարտություններ: Այս մասին գրում է ParsToday-ը:

Իր վերջին հայտարարությունների ընթացքում Ադրբեջանի նախագահը «Իրանի ատրպատականցիներին» համարել է Ադրբեջանի Հանրապետության ժողովրդի մի մասը և շեշտել է. «Ստիպված եղանք Իրանի սահմաններում զորավարժություն անցկացնել, որպեսզի ցույց տանք, որ չենք վախենում»:

Արձագանքելով այս հայտարարություններին, Իսլամական խորհրդարանում Սալմասի պատգամավոր Յաղուբ Ռեզազադեն շեշտել է. «Ադրբեջանի նախագահին լրջորեն նախազգուշացնում եմ, որ եթե հողատարածքների կցում նախատեսված լինի, ձեր Ադրբեջանն է, որ պիտի կցվի ԻԻՀ-ին»:

Երեքշաբթի օրը, Իսլամական խորհրդարանում Ուրմիայի պատգամավոր և Ազգային անվտանգության ու արտաքին քաղաքականության հանձնաժողովի նախագահ Վահիդ Ջալալզադեն ասել է. «Ադրբեջանի Հանրապետության գործակալների ուշադրությունը հրավիրում եմ այս կետին, որ տեղյակ լինեն սիոնիստների ու ամերիկացիների կողմից իրենց ոտքի տակ ստեղծված երերուն պատվանդանի մասին: Իրանի ու Ադրբեջանի ժողովուրդների կապը անքակտելի է»:

Հատկանշական է, որ ներկայիս Ադրբեջանի հանրապետության տարածքը շուրջ 200 տարի առաջ Իրանի մի մասն էր, սակայն ռուս-պարսկական պատերազմների և Գյուլիստանի ու Թուրքմենչայի պայմանագրերի հետևանքով միացվեց Ռուսաստանին: Ռուսական կայսրության փլուզմամբ «Ադրբեջանի Դեմոկրատական Հանրապետությունը» կազմվեց 1918 թ. մայիսի 28-ին: