ՌԴ ՊՆ–ն հաստատեց` Ադրբեջանի ԶՈւ–ի կրակոցների հետևանքով 2 զինծառայող է վիրավորվել

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հաստատում է, որ ադրբեջանական կողմի կրակոցների հետևանքով 2 հայ զինծառայող է վիրավորվել։

Արցախի ՊԲ–ն երեկ հայտնել էր, որ նոյեմբերի 28-ին Ադրբեջանի ԶՈւ-ն արևմտյան ուղղությամբ խախտել է հրադադարը` կիրառելով հրաձգային զինատեսակներ և ՀԱՆ-17 նռնականետ։ Հակառակորդի կողմից հրադադարի խախտման հետևանքով վիրավորում են ստացել ՊԲ զինծառայողներ Հ. Ա.-ն և Մ. Վ.-ն։

ՌԴ պաշտպանության նախարարության կայքում ասվում է, որ երեկ արձանագրվել է հրադադարի ռեժիմի մեկ խախտում։ Ադրբեջանական կողմը Շուշիից հրաձգային զինատեսակներից գնդակոծել է Լեռնային Ղարաբաղի զինված ստորաբաժանումների ուղղությամբ, ինչի հետևանքով վիրավորվել է երկու մարդ:

Նշվում է, որ ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը միջադեպի քննություն է անցկացնում ադրբեջանական կողմի հետ համատեղ։