ԱՄՆ դեսպանատան երկակի ստանդարտները. ինչո՞ւ դեսպանատունը լռեց Արմեն Աշոտյանի գործով

ՀՀ ներկայիս իշխանությունների օրոք Արևմուտքը, որն աշխարհում համարվում է մարդու իրավունքների ու ժողովրդավարական արժեքների բնօրրան և դիրքավորվել է՝ որպես պաշտպան, այսօր Հայաստանում հիմնականում աչք է փակում գործող իշխանությունների՝ Նիկոլ Փաշինյանի կառավարության հակաժողովրդավարական և անօրինական քայլերի վրա, ավելին, իր գնահատականներով՝ փորձում է լեգիտիմացնել որոշ գործընթացներ և նպաստել իշխանական «Հայաստանը ժողովրդավարության բաստիոն է» թեզին:

Օրերս ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատուն հարցում էինք ուղարկել ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի գործի մասին: Ձևակերպել էինք  մասնավորապես հետևյալ հարցը.

«Նոյեմբերի լույս 16-ի գիշերը «Զվարթնոց» օդանավակայանում արգելել են երկրից դուրս գալ ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանին, որ պատրաստվում էր մեկնել Լիսաբոն՝ մասնակցելու Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) հավաքին: Պատճառաբանել են, թե նա մեղադրյալ է ինչ-որ գործով, ու դրա համար են փակել նրա ՍԷԿՏ-ը: Արմեն Աշոտյանը, սակայն, պնդում է՝ իրեն մինչ այդ պահը որևէ գործով մեղադրանք առաջադրված չի եղել, ինքը ծանուցում չի ստացել, որ մեղադրյալ է: Մեղադրանք նրան առաջադրվել է արդեն նոյեմբերի 16-ին՝ երեկոյան 20:00-ին: Ինչպե՞ս եք գնահատում ընդդիմադիր գործչի նկատմամբ թույլ տրված այդ ապօրինությունը»:

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը պատասխանել է մեր հարցմանը՝ նշելով, թե  ԱՄՆ կառավարությունը հանձնառու է աջակցել Հայաստանում իրավունքի գերակայության ամրապնդմանն ու մարդու իրավունքների խթանմանն ուղղված ջանքերին։ «Նշված գործի հետ կապված առաջարկում ենք հարցն ուղղել Հայաստանի համապատասխան իրավապահ կառույցներին»,- ասված էր մեզ ուղարկված պատասխանում:

Նախ մի փոքր տարօրինակ է, երբ դեսպանատանն ուղարկված տեղին հարցի պատասխանում լրատվամիջոցին առաջարկ կամ ցուցում է տրվում՝ ինչպես աշխատել և որ կառույցին, ինչ հարցում ուղարկել՝ այն դեպքում, երբ 168.am-ը վերոնշյալ թեման պահում է իր լրագրողական դիտակետում և հարցումներ է ուղարկել բոլոր իրավասու մարմիններին, այդ թվում՝ նաև դեսպանատան առաջարկած «իրավապահ կառույցներին»: Առաջարկում ենք ծանոթանալ մեր կատարած հարցումներին ու դրանց պատասխաններին ամենաքիչն այս նյութով:

Բացի այդ, հարց է առաջանում, թե ինչո՞ւ դեսպանատունը չի արձագանքում ակնհայտ ապօրինի դրվագին՝ ՍԷԿՏ-ի փակմանը՝ այն դեպքում, երբ ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը միջազգային կառույցների հետ ներկայումս ամենաակտիվ աշխատող ընդդիմադիր քաղաքական գործիչներից է, ով հաճախ է մեկնում արտերկիր հանդիպումների, ներկայացնում ՀՀ արտաքին ու ներքին քաղաքական մարտահրավերներն ու խնդիրները և գլխավորը՝ ներկայացնում ՀՀ շահերը, ԵՄ-ից Հայաստան բերում հայամետ քաղաքական ձևակերպումներ ու որոշումներ, իսկ նոյեմբերի լույս 16-ի գիշերը պետք է մեկներ Լիսաբոն ԵԺԿ Քաղաքական համաժողովին մասնակցելու նպատակով։ Ի դեպ, Եվրոպական Ժողովրդական կուսակցության Գլխավոր քարտուղար Տանասիս Բակոլասը խստորեն դատապարտել էր Աշոտյանին Հայաստանից Լիսաբոն մեկնելու արգելելու որոշումը։ «Հայաստանի կառավարությունը չպետք է միջամտի ժողովրդավարական ճանապարհով ընտրված քաղաքական գործիչների ոչ մի հավաքի»,- գրել էր նա։

Սակայն ԱՄՆ դեսպանատունն այսօր, փաստորեն, այլ կարծիքի է այն դեպքում, երբ դժվար չէ հիշել, թե տարիներ շարունակ նույն ԱՄՆ դեսպանատունն ինչպիսի գնահատականներ էր տալիս այս կամ այն գործին, հանդիպումներ կազմակերպում, հայտարարություններով շեշտում, որ հետևում են զարգացումներին:

Հիշեցնենք, օրինակ, 2012 թվականին ՀՀ ԱԳ նախկին նախարար, այդ պահին ԱԺ պատգամավոր Վարդան Օսկանյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու որոշման վերաբերյալ դեսպանատան արձագանքը: Այն ժամանակ՝ 2012թ., Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը հանդես էր եկել հայտարարությամբ, որով իր մտահոգությունն էր հայտնել Օսկանյանին անձեռնմխելիությունից զրկելու վերաբերյալ:

«Մենք ուշադրությամբ հետևել ենք արտաքին գործերի նախկին նախարար Օսկանյանի դեմ ընթացող դատական գործին և անչափ մտահոգված ենք վերջին զարգացումներով: Մենք հուսով ենք, որ այս գործը չի հանդիսանում Հայաստանի օրենսդրության ընտրովի կիրառում` պայմանավորված քաղաքական շարժառիթներով, քանի որ դա կարող է արժեզրկել այն ջանքերը, որոնք ուղղված են առավել մեծ թափանցիկության խթանմանը և Հայաստանի իրավական, արդարադատության և օրենսդրական ոլորտների բարեփոխմանը»,- ասված էր դեսպանատան հայտարարության մեջ:

Սա նման միակ օրինակը չէ, նախկինում բազմաթիվ են եղել դրվագներ, երբ դեսպանատունը հետևողականորեն փորձել է ջանքեր գործադրել կասկածելի դիտարկվող  քաղաքական մեղադրանքներով գործերով, այդ թվում՝ փորձելով կիրառել քաղաքական ճնշման մեխանիզմներ օրվա իշխանությունների նկատմամբ թե՛ Վաշինգտոնի, թե՛ ԵՄ-ի ու միջազգային կառույցների միջոցով: Սակայն այսօր ԱՄՆ-ը Հայաստանում առաջնորդվում է երկակի ստանդարտներով՝  ակնհայտորեն աջակցելով Փաշինյանի իշխանության երկարակեցությանը, անտեսելով ժողովրդավարության սկզբունքները:

 

Աղբյուր՝ 168․am