Ադրբեջանի հետ գազային գործարքը կոտրել է Հայաստանում մինչ այդ առկա մեծ վստահությունը. ԵԽ պատգամավոր Լարս Պատրիկ Բերգ

Գերմանական Junge Freiheit թերթը ծավալուն հոդված է հրապարակել Հայաստանի, երկրի վրա Ադրբեջանի հարձակման, Լեռնային Ղարաբաղի հակամարտության թեմայով՝ մեջբերելով Եվրոպական խորհրդարանի պատգամավորների խոսքերն այն մասին, որ ԵՄ հանձնաժողովի՝ Ադրբեջանի հետ գազային համաձայնագիրը մեծ սխալ է, այն ոչնչացրել է Հայաստանում մինչ այդ առկա մեծ վստահությունն իրենց հանդեպ, գրում է 168.am-ը:

Հոդվածագիր Հինրիկ Ռոհբոմը հիշեցրել է, որ այս տարվա սեպտեմբերի 12-ի լույս 13-ի գիշերը Հարավային Կովկասում կրկին բռնկվել էր հակամարտություն, որը Եվրոպայում մոռացության է մատնվել՝ Ուկրաինայի իրավիճակի լույսի ներքո: Նա նշել է, որ այդ գիշեր Ադրբեջանը կրակ էր բացել իր հարևան Հայաստանի վրա, ինչի հետևանքով զոհվել են մարդիկ:

Հոդվածագիրը հիշեցրել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության մասին, մեկտեղ կրկին շեշտել, որ սեպտեմբերին ադրբեջանցի զինվորականները գնդակոծել են Հայաստանի Հանրապետության բնակավայրերը, այդ թվում՝ Սյունիքի սահմանամերձ Գորիս քաղաքը: Արկերը բախվել են նաև մարդկանց տներին, այդ թվում՝ Էդգար Սալբունցի տանը:

Ըստ հոդվածագրի՝ ուկրաինական իրադրությունն իր ազդեցությունն է թողնում Ռուսաստանի վրա, և հավանաբար դա է պատճառը, որ 2020 թվականի պատերազմից հետո սառեցված հակամարտությունը կրկին բռնկվել է։

Հոդվածի հեղինակը հիշատակել է նաև Եռաբլուրն՝ ընդգծելով, որ այնտեղ հուղարկավորված են մարդիկ, որոնք իրենց կյանքը տվել են հանուն հայրենիքի, այդ թվում՝ երկիրը սեպտեմբերին ադրբեջանական ներխուժումից պաշտպանելու ժամանակ:

«Զոհված զինվորների շիրիմներից տեսարան է բացվում դեպի հզոր Արարատ լեռը, որտեղ, ըստ Աստվածաշնչի, ջրհեղեղից հետո իջել է Նոյի տապանը: Քրիստոնեությունը խորապես արմատավորված է երկրում, և Հայ առաքելական եկեղեցին քրիստոնեական հնագույն ուղղություններից մեկն է աշխարհում»,-նշվում է հոդվածում:

Հատկանշական է, որ հոդվածում շեշտվում է, որ ժամանակին Հայաստանը ձգվել է ներկայիս Արևելյան Թուրքիայի տարածքների վրա և իր ծաղկման շրջանում հասել է Կասպից ծովից մինչև Միջերկրական ծովի արևելք: Բայց նույնիսկ հին ժամանակներում երկիրը հայտնվել է երկու մեծ կայսրությունների՝ արևմուտքում՝ Հռոմեական կայսրության և արևելքում՝ Պարսկական կայսրության միջև: Իսկ հիմա երկիրը վաղուց կորցրել է իր ելքը դեպի ծով և շրջափակված է տոտալիտար ռեժիմներով:

Հոդվածում անդրադարձ կա նաև նոյեմբերի սկզբին Եվրոպական խորհրդարանի պատգամավորների՝ Հայաստան այցի մասին: Նրանք Հայաստանում էին իրավիճակին տեղում ծանոթանալու և երկրին համերաշխություն հայտնելու համար: Պատվիրակության կազմում է եղել Եվրախորհրդարանի գերմանացի պատգամավոր Լարս Պատրիկ Բերգը: Այդ ընթացքում ԵԽ պատգամավորներին ընդունել է նաև Գարեգին Բ Վեհափառ Հայրապետը:

Լարս Պատրիկ Բերգը նշել է, որ Գերմանիան մինչև այժմ չի ցանկանում ներգրավվածություն ունենալ Հարավային Կովկասում: Այնուամենայնիվ, տարածաշրջանը, որպես Եվրոպայի և Ասիայի միջև կապող օղակ, ունի աշխարհաքաղաքական նշանակություն: «ԵՄ-ն պետք է ակտիվանա: Եվրամիության հանձնաժողովի՝ Ադրբեջանի հետ գազային գործարքը կոտրել է Հայաստանում մինչ այդ առկա մեծ վստահությունը»,- ընդգծել է Բերգը։

ԵԽ պատգամավոր Փիթեր վան Դալենը ևս նույն կարծիքին է: «Կարծում եմ՝ Ադրբեջանի հետ գազային գործարքը մեծ սխալ է»,-նկատել է նա:

ԵԽ պատգամավոր Ֆաբիո Մասիմո Կաստալդոն նույնպես կոչ է անում ուժեղացնել ԵՄ ջանքերը՝ հակամարտությունը դիվանագիտական միջոցներով լուծելու համար: