Արմեն Գրիգորյանը հանդիպել է Մակրոնի խորհրդականի հետ

Նոյեմբերի 28-ին Փարիզ կատարած աշխատանքային այցի շրջանակներում Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի՝ Մայրցամաքային Եվրոպայի և Թուրքիայի հարցերով խորհրդական Իզաբել Դյումոնի, Ֆրանսիայի ԱԳՆ Մայրցամաքային Եվրոպայի վարչության տնօրեն Ֆրեդերիկ Մոնդոլոնիի, Ֆրանսիայի Պաշտպանության նախարարության Միջազգային հարաբերությունների և ռազմավարական պլանավորման վարչության պետի տեղակալ փոխադմիրալ Քրիստոֆ Լուկայի և ԵԱՀԿ Մինսկի խմբի Ֆրանսիայի համանախագահ Բրիս Ռոքֆոյի հետ: Այս մասին հայտնում են ԱԽ մամուլի ծառայությունից։
Հանդիպմանը զրուցակիցները մտքեր են փոխանակել երկուստեք հետաքրքրություն ներկայացնող միջազգային և տարածաշրջանային անվտանգային օրակարգի մի շարք հարցերի շուրջ։ ԱԽ քարտուղարը վերահաստատել է Հայաստանի պատրաստականությունը նպաստելու մեր տարածաշրջանում անվտանգային միջավայրի ապահովմանը։
Զրուցակիցները գոհունակությամբ ընդգծել են վերջին շրջանում առավել ակտիվացած Հայաստան-Ֆրանսիա երկկողմ բազմաոլորտ հարաբերությունների զարգացման դինամիկան։

Պայմանավորվածություն է ձեռքբերվել շարունակել տարբեր ոլորտներում երկկողմ հարաբերությունների զարգացմանն ուղղված երկխոսությունը։