Իշխանությունը հոգեվարքի մե՞ջ է․ սպառել է իրեն ոչ միայն արտաքին, այլև ներքաղաքական հարցերում (տեսանյութ)

Ժաննա Ծառուկյանի «Մտորենք միասին» հեղինակային հաղորդաշարի հյուրն է ՀՀԿ խորհրդի անդամ, «Սերժ Սարգսյանի աջակիցներ» երիտասարդական նախաձեռնության ղեկավար Միքայել Գրիգորյանը։

Օրերս տեղի ունեցավ ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի գործով հերթական նիստը, որն ավելի շուտ ներկայացում էր հիշեցնում, մտացածին ինչ-որ քրեական գործ, որտեղ վկան մեկ լավ չի լսում, մեկ վատառողջ է և արդեն մոտ 5-6 դատական նիստի չի մասնակցել։ Վերջին դատական նիստին ներկայացած առանցքային վկան, որը կրկին մեկ լավ էր լսում, մեկ վատ, դիզվառելիքի շուկայում ներկայացել էր որպես խոշոր խաղացող, սակայն այդ ամենը ուղղակի ոչնչացվեց պաշտպանության կողմից, և փաստաբան Ամրամ Մակինյանը հանրությանը ցույց տվեց և մանրամասն ներկայացրեց Սևան Քոչարյանի ով լինելը, նրա գործունեության մանրամասները, ինչի արդյունքում ակնհայտ է դառնում ողջ դատական գործի թշվառությունը։ Այս մասին LIVEnews.am-ի ուղիղ եթերում ընդգծեց Միքայել Գրիգորյանը, շարունակելով, որ այս գործում կողմնապահությունը պարզապես ակնհայտ է, քանզի վկան, որի ցուցմունքի հիման վրա հարուցվել է այս քր․գործը, ընդամենը 20-25 օր առաջ ստացել է վտարման ծանուցագիր իրեն պատկանող բնակարանից, ինչի մասին բարձրաձայնվել է դատարանում պաշտպանության կողմից, սակայն մինչ օրս շարունակում է ապրել այն բնակարանում, որտեղից պետք է վտարվեր։ «Այստեղ կողմնապահություն չտեսնել ուղղակի հնարավոր չէ, և երկրորդ կարծիք չկա», – հավելեց բանախոսը։

Խոսելով ՀՀԿ անդամ, ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանի դեմ հարուցված գործի անլրջությունից՝ ՀՀԿ անդամը հիշեցրեց, որ սա միակ զավեշտալի գործը չէ, նույն վիճակն է նաև ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի դեմ հարուցված քրեական գործում, և այս ամենը վկայում է միայն մի բանի մասին, որ ուժային համակարգը նվաստացված վիճակում է, որը դարձել է գերի կապիտուլյանտի և իր փոքրիկ խմբակի ձեռքին։

Հարցին, թե ինչով է պայմանավորված իշխանության կողմից նման «կենտրոնացումը» ՀՀԿ-ի վրա, բանախոսն ասաց․ «Իրենք չեն սիրում ազգանվեր գործիչներին, իրենք չեն սիրում հայաստանանվեր գործիչներին, իրենց համար կարևորը իրենց կեղտոտ և դավաճանական պլանները մինչև վերջ հասցնելը և հասարակության շեղելն է։

Միքայել Գրիգորյանի հետ անդրադարձ է կատարվել նաև Հայաստանի ներքաղաքական կյանքի լճացման, առհասարակ կառավարության մարտավարության սնանկությանը և դրա պատճառներին, հանրության հիասթափությանը և այն վտանգներին, որոնք կարող են ծառանալ մեր առջև այս ամենի հետևանքով։

Մանրամասները՝ տեսանյութում