Սիրիայի քրդերը բողոքում են թուրքական ռմբակոծությունների դեմ

Սիրիայի Ալ Քամիշլի քաղաքում, որը գտնվում է Թուրքիայի հետ սահմանին, հազարավոր քրդեր բողոքի ցույց են անցկացրել տարածաշրջանում Թուրքիայի օդային հարվածների և քուրդ զինյալների դեմ ցամաքային գործողություններ սկսելու Անկարայի սպառնալիքների դեմ։ Այդ մասին հայտնում է euronews-ը։

Դիտորդների գնահատմամբ՝ նոյեմբերի 20-ից ի վեր սպանվել է ավելի քան 60 մարդ՝ «Սիրիայի դեմոկրատական ուժեր» ռազմական դաշինքի 35 անդամ, որը քրդական ռազմական խմբավորումների առանցքն է, սիրիական բանակի 28 զինծառայող և քրդական լրատվական գործակալության լրագրող։

Սիրիայի Քոբանի քաղաքի բնակիչները, որ նույնպես գտնվում է Թուրքիայի հետ սահմանին, ապրում են վախի մեջ, քանի որ կարճ ընդմիջումից հետո այստեղ վերսկսվել են թուրքական օդային հարվածները։

«Ի՞նչ է ուզում Թուրքիան, մենք չգիտենք՝ ինչ անենք։ Մեր տներն ու հողե՞րն են ուզում խլել։ Բայց մենք աղքատության մեջ ենք ապրում, լույս չունենք, ոչինչ չունենք»,-ասում է Քոբանիի բնակչուհի Ամինա Յուսեֆը:

Քոբանիում խանութի սեփականատեր Դարվիշ Մոհամմեդն էլ հայտնել է. «Մարդիկ փող են խնայում, գնում են միայն առաջին անհրաժեշտության իրերը մեկ-երկու օրվա համար, բոլորը պատրաստվում են Էրդողանի հարձակումներին, նրանք ստիպված կլինեն լքել իրենց տները»: