Փորձ է արվում հարթակը եվրոպական տիրույթից ամբողջությամբ տեղափոխել ռուսական տիրույթ․ Արտակ Զաքարյան. «Փաստինֆո»

«Ենթադրում եմ, որ հայ-ադրբեջանական, այսպես կոչված, խաղաղության օրակարգի շուրջ քննարկումների և հանգուցալուծումների հարթակը եվրոպական տիրույթից փորձ է արվում ամբողջությամբ տեղափոխել ռուսական տիրույթ։ Սա կարելի է ենթադրել թե Ալիևի, թե Փաշինյանի գործողություններից»,- «Փաստինֆո»-ի հետ զրույցում այս մասին ասաց պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը՝ անդրադառնալով Ալիևի այն հայտարարությանը, թե չեղարկվել է դեկտեմբերի 7-ին Բրյուսելում կայանալիք Փաշինյան-Ալիև հանդիպումը‎:

Զաքարյանի խոսքով, եթե հավատանք ալիևյան աղբյուրներին, այսինքն, հանդիպումը չեղարկելու պատճառին, որը ՀՀ-ի առաջ քաշած նախապայմանն է՝ Ֆրանսիայի նախագահի մասնակցության վերաբերյալ, ապա նախ պետք է հասկանալ, թե Ֆրանսիայի դերակատարությունը որքանով է առանցքային և շատ կարևոր հայկական կողմի համար, Հայաստանը նախկինում ինչ պայմանավորվածությունն է ունեցել կոնկրետ Ֆրանսիայի հետ և ֆրանսիայի նախագահը ինչպիսի ազդեցություն կարող էր ունենալ գործընթացի վրա։

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր, թե դեկտեմբերի 7-ին Բրյուսելում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ նախատեսված հանդիպումը չի կայանա, քանի որ հայկական կողմը հանդիպմանը համաձայն է պայմանով, որ դրան մասնակցի նաև Ֆրանսիայի նախագահը, ինչիին ՀՀ ԱԳՆ-ն արձագանքել էր՝ նշելով, որ Հայաստանը պատրաստ է հանդիպմանը՝ Պրահայում ձեռք բերված պայմանավորվածության և ձևաչափի համաձայն։ «Ցանկանում ենք հիշեցնել, որ նախորդ հանդիպումը Պրահայում, որտեղ հենց ձեռք է բերվել հանդիպումները շարունակելու պայմանավորվածություն, տեղի է ունեցել քառակողմ ձևաչափում, և տրամաբանական է, որ հանդիպման ձևաչափը և մասնակիցների կազմը պիտի նույնը լինի»,- հայտարարել է ՀՀ ԱԳՆ-ի խոսնակը։

«Այստեղ առավելապես աշարհաքաղաքական գործոնն է պատճառ հանդիսացել և երևի թե, դա ինչ-որ առումով կարելի է արդարացված համարել, եթե գործընթացը ռուսական միջնորդության տիրույթում շարունակություն ստանա, բայց այսօր դեռևս պարզ չէ, թե արդյո՞ք առաջիկայում ռուսական հարթակում հանդիպում նախատեսվում է, թե՝ ոչ»,-շարունակեց Զաքարյանը՝ միևնույն ժամանակ շեշտելով, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև, այպես կոչված, խաղաղության պայմանագրին հասնելու հասկացվածության անջրպետը գնալով‎ ավելի է խորանում, իսկ Ադրբեջանի կողմից սպառնալիքների լեզուն ավելի ակնհայտ է դառնում՝ ընդհուպ մինչև ռազմական էսկալացիայի տանելու հավանականությունը։

Զաքարյանը կարծում է, որ այս համատեքստում Ռուսաստանի ջանքերը տարածաշրջանում գնալով էլ ավելի են կարևորվում։ «Թե որքանով կապիտուլացված Փաշինյանը հնարավորություն կունենա ամբողջությամբ ճիշտ դիրքավորվել և հստակ քաղաքականություն վարել այս հարցում ՝ առանց այս ու այն կողմ ընկնելու, դժվար է ասել՝ հաշվի առնելով, որ ցայսօր Փաշինյանի արտաքին քաղաքականության արդյունքը Հայաստանի համար եղել է ձախողումների, պրոբլեմների, նոր սպառնալիքների ու կորուստների շղթա», -ասում է Արտակ Զաքարյանը։

Նրա դիտարկմամբ՝ բնական ու տրամաբանական էր, որ Ֆրանսիայի սենատի վերջին որոշումից հետո Ալիևը կհրաժարվի ֆրանսիական միջնորդությունից, բայց միևնույն ժամանակ, հայկական կողմի համար, ըստ բանախոսի, արդարացված չէ չօգտվել այդ հնարավորությունից։
Արտակ Զաքարյանը չի կարծում, որ մինչև տարեվերջ որևէ պայմանագիր կարող է ստորագրվել Ադրբեջանի հետ, որը որևէ կերպ չի մտնում այսպես կոչված խաղաղության օրակարգի մեջ։ «Ամբողջությամբ կոտրել հայկական դիրքերը, Հայաստանի ՝ վերականգնվելու քաղաքական կարողությունները և Հայաստանը ամբողջական կապիտուլյացիայի տանելու մոտեցումը, բնականաբար, նաև աշխարհաքաղաքական ազդեցության կենտրոններին ևս ձեռնտու չէ, ուստի գործընթացը դեռ որոշ ժամանակ կգտնվի անորոշությունների փուլում։ Մնացած զարգացումները, ըստ էության, կլինեն իրավիճակը որոշակի վերահսկողության տակ պահելու և բանակցային ինչ-որ մթնոլորտ ձևավորելու համար», -եզրափակում է Արտակ Զաքարյանը։

Հավելենք, որ Ալիևի հայտարարությանն արձագանքել էին նաև ՌԴ-ն ու Ֆրանսիան։ Մասնավորապես՝ Ֆրանսիայի ԱԳՆ խոսնակը հայտարարել է, որ Ֆրանսիան լիովին հավատարիմ է Բրյուսելի, Պրահայի և Վաշինգտոնի հանդիպումներից հետո ընթացող բանակցություններին աջակցելուն։ Իսկ Կրեմլը հայտարարել էր, որ Ռուսաստանը պատրաստ է և կշարունակի գործադրել բոլոր ջանքերը՝ իր հարթակում հայ-ադրբեջանական հակամարտությունը լուծելու համար՝ միաժամանակ նշելով, որ Փաշինյան-Ալիև հանդիպում նախատեսված չէ կարճաժամկետ հեռանկարում։