Ավելի շահեկան կլիներ, եթե մենք ունենայինք համաձայնագրի սեփական տարբերակ. Գևորգ Դանիելյան

«Բարդ է, երբ մենք դատողություններ ենք անում խաղաղության պայմանագրի այլ տարբերակների շուրջ, ավելի շահեկան կլիներ, եթե մենք ունենայինք սեփական տարբերակը, թե ինչն ենք ընդհանրապես խնդիր համարում, որոնք ենք դրանց լուծման իրավաչափ եղանակները»,- «Խաղաղության համաձայնագիր․ սահմանադրականության հարցն ու միջազգային իրավաքաղաքական հետևանքները» խորագրով համաժողովին ասաց իրավագիտության դոկտոր Գևորգ Դանիելյանը։

Նրա խոսքով, ադրբեջանական կողմն է հանդես եկել իր առաջարկներով և միջազգային հանրությունն այն տպավորությունն ունի, թե տուժած կողմն Ադրբեջանն է, որ ձգտում է խաղաղության, անում է ամեն ինչ, որ իր անվտանգության նկատմամբ սպառնալիքներ չլինեն, կետեր են ներկայացնում, որոնք չեն ընդունվում։ Ինչ վերաբերում է Սահմանադրությանը, ապա Դանիելյանը նշեց, որ Հայաստանի Սահմանադրության 13–րդ կետն ամրագրում է՝ արտաքին քաղաքականությունը պետք է իրականացվի փոխշահավետության սկզբունքով. «Եթե անտեսում եք Արցախի ազգային ինքնորոշման իրավունքը, ի՞նչ փոխշահավետության մասին է խոսքը և դուք խոսում եք այն ճանապարհների մասին, որոնք միացնում են Ադրբեջանը Նախիջևանին. Նախիջևանը բլոկադայի մեջ չէ, Թուրքիայի հետ կապ ունի, բլոկադայի մեջ Արցախն է։ Երբ խոսում ենք փոխշահավետության մասին, կարո՞ղ է Հայաստանը ստանձնել մեկ այլ պետությունում ազգային պետականության ձգտող հատվածի ազգային ինքնորոշման իրավունքը։ Եթե ձեզնից ակնկալում են զիջումներ,  դուք չէ, որ որոշում ենք ազգային ինքնորոշման իրավունքը, բայց դուք կարող եք հարց բարձրացնել, որ երաշխավորվի այդ իրավունքի իրացումը։ Հրաժարվել չեք կարող, որովհետև միևնույն է՝ այդ իրավունքը վերապահված է արցախցիներին և հենց նրանք էլ կիրականացնեն ազգային ինքնորոշման իրավունքը՝ չնայելով, թե դուք ինչ եք պայմանավորվել։ Ինչպե՞ս եք արգելում, միջամտում մեկ այլ պետության տարածքում պետական կազմավորման ձգտող ժողովրդի իրավունքը։ Դուք դրա իրավունքը չունեք»։