Վարչական դատարանը ոչ իրավաչափ է ճանաչել ձերբակալման գործողությունը․ Արա Զոհրաբյան

Սիրելի հայրենակիցներ,

Եթե հիշում եք 2021թ. նոյեմբերին ստեղծված Ազատագրական շարժման շրջանակներում տարբեր օրերին բողոքի ակցիաներ են իրականացվել: Այդ ակցիաների հետ կապված թվով երեք անգամ ենթարկվել եմ վարչական ձերբակալման: Երեք ձերբակալման գործողությունն էլ իմ կողմից վիճարկվում է դատարանում:

Հիշեցնում եմ, որ մեր գաղափարակից գործընկերներով գնացել էինք ՀՀ արտաքին գործերի նախարարության շենք և ցանկանում էինք հանդիպել արտաքին գործերի նախարարի հետ: Մինչդեռ հանդիպման փոխարեն մեծ թվով ոստիկաններ ներկայացան և ձերբակալեցին:

Այս ձերբակալման գործողությունն իմ կողմից նույնպես վիճարկվել է դատարանում և ՀՀ վարչական դատարանը՝ դատավոր Արթուր Ավագյանի նախագահությամբ, բավարարել է հայցս ոչ իրավաչափ ճանաչելով Ոստիկանության ծառայողների կողմից 10.12.2021 թվականին ինձ ՀՀ արտաքին գործերի նախարարության շենքի մոտից ձերբակալելու գործողությունը:

Վարչական դատարանը երկու կարևոր եզրահանգում է կատարել՝

– «Դատարանի գնահատմամբ տվյալ դեպքում Ոստիկանության ծառայողների կողմից Արա Զոհրաբյանի վարչական ձերբակալմամբ խախտվել են ոստիկանության գործունեության՝ անձի իրավունքների և ազատությունների, պատիվն ու արժանապատվությունը հարգելու սկզբունքները, քանի որ Արա Զոհրաբյանի արարքը չի պարունակել ոստիկանության աշխատողի օրինական կարգադրությանը կամ պահանջին չարամտորեն չենթարկվելու հատկանիշ, իսկ ֆիզիկական ուժի գործադրումը ստեղծված իրավիճակում չի հանդիսացել ծայրահեղ անհրաժեշտություն:»:

– «Տվյալ դեպքում Դատարանն արձանագրում է, որ թեև Արա Զոհրաբյանի ձերբակալումը չի իրականացվել հավաքի կազմակերպման և անցկացման սահմանված կարգը խախտելու արարքի համար, սակայն Արա Զոհրաբյանի կողմից ենթադրյալ հավաքի մասնակցելու դեպքում ևս Ոստիկանության ծառայողների կողմից իրականացվել են ոչ իրավաչափ գործողություններ:»:

Ուզում եմ նշել, որ հարգում եմ ոստիկանության ինստիտուտը, և վստահ եմ, որ համակարգում շատ բարեխիղճ ոստիկաններ կան: Բայց կան նաև անբարեխիղճ և ոստիկանի համազգեստին անարժան ոստիկաններ, որոնք հաճույք են ստանում մարդու իրավունքները ոտնահարելու ժամանակ: Այդ չոստիկաններին հիշեցնում եմ, որ ձեր արածը չի մոռացվելու, օրենքի առջև պատասխան եք տալու:

Իսկ մեր հայրենակիցներին խորհուրդ եմ տալիս տեր լինել սեփական իրավունքներին:

 

Արա Զոհրաբյանի ֆեյսբուքյան էջից