ՀԱՊԿ ԱԳ նախարարները անհամաձայնությունն ենք հայտնել ԵԱՀԿ նախագահության որոշմանը

Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի և Տաջիկստանի արտգործնախարարները հայտարարություն են տարածել՝ դժգոհելով ԵԱՀԿ նախագահության որոշումից.

«Ցույց տալով համերաշխություն՝ մենք մեր անհամաձայնությունն ենք հայտնում ԵԱՀԿ գործող նախագահության աննախադեպ որոշմանը, որն անհնարին դարձրեց Ռուսաստանի ԱԳ նախարարի պատվիրակության մասնակցությունը ԵԱՀԿ արտաքին գործերի խորհրդի 29-րդ նիստին։

Մենք նշում ենք, որ նման գործողությունները խախտում են ԵԱՀԿ նորմերը, ընթացակարգը և նրա որոշումներ կայացնող մարմինների որոշումները, մասնավորապես՝ ԵԱՀԿ նախարարների խորհրդի Պորտոյի որոշումը (2002թ.) գործող նախագահության դերի մասին, համաձայն որի՝ նա պարտավոր է թույլ չտալ, որ իր գործողությունները չհամապատասխանեն բոլոր մասնակից պետությունների կողմից համաձայնեցված դիրքորոշումներին, և ապահովել, որ հաշվի առնվի մասնակից պետությունների տեսակետների ողջ շրջանակը։

Հայտարարում ենք, որ ոտնահարելով ռուսական պատվիրակության իրավունքները՝ Լեհաստանի գործող նախագահությունը չի կատարել իր պարտավորությունները ԵԱՀԿ-ի հանդեպ, որը ներկայումս անվտանգության և համագործակցության ամենաներկայացուցչական համաեվրոպական կազմակերպությունն է։

Մենք մեր անհամաձայնությունն ենք հայտնում ԵԱՀԿ գործող նախագահության որոշմանը՝ ՀԱՊԿ-ին ԵԱՀԿ նախարարների խորհրդի նիստին մասնակցելու հրավեր չուղարկելուն, որը խախտում է երկարամյա պրակտիկան։

Կոչ ենք անում ԵԱՀԿ գործող նախագահությանն՝ ապահովել ԵԱՀԿ բոլոր մասնակից պետությունների՝ առանց բացառության, հավասար և ներառական ներկայացվածությունը, ինչպես նաև՝ ԵԱՀԿ ինստիտուտներում և կառույցներում ապագա նախագահությունները կառուցողականորեն մոտենան իրենց դերին, ապահովեն իրենց մանդատների և պրակտիկայի հարգումը՝ կազմակերպության բոլոր անդամների մասնակցությունը՝ ի շահ ԵԱՀԿ բոլոր մասնակից պետությունների երկխոսության և համագործակցության նպատակների»,-ասված է հայտարարության մեջ։