Փաշինյանը ապաշնորհ բանակցող է՝ պե՛տք է հեռանա (տեսանյութ)

Արմինե Սիմոնյանի «Մենք» հեղինակային հաղորդաշարի հյուրը միջազգայնագետ Տաթևիկ Հայրապետյանն է:

Երևանում տեղի ունեցավ ՀԱՊԿ գագաթնաժողովը, հայկական կողմն ակնկալում է, որ ՀԱՊԿ դաշնակիցները կտան հստակ քաղաքական գնահատական սեպտեմբերի 13-14-ի ադրբեջանական ռազմական ագրեսիային, ինչը սակայն տեղի չունեցավ: Այս իշխանությանը չհաջողվեց ՀԱՊԿ-ից ստանալ դրական որոշում՝ Հայաստանին օգնություն ցուցաբերելու վերաբերյալ: Սա Փաշինյանի արտաքին քաղաքականության հերթական ձախողումն էր, սխալ քաղաքականության հետևանք:

Արմինե Սիմոնյանի «Մենք» հեղինակային հաղորդման հյուր, Ադրբեջանի հարցերով փորձագետ, պատմական գիտությունների թեկնածու Տաթևիկ Հայրապետյանը խնդրի առնչությամբ ասաց․ «Կարծում եմ՝ սա ոչ միայն Հայաստանի համար էր ձախողում։ Սկսենք նրանից, որ որոշ թղթեր ստորագրվեցին, և մի շարք կարևոր թղթեր, այդ թվում Հայաստանին հատկացվելիք օգնության վերաբերյալ, որտեղ ՀՀ-ն ցանկանում էր հստակ ձևակերպումներ ստանալ Ադրբեջանի կողմից իրականացված ագրեսիայի վերաբերյալ, չստացավ, այդ պատճառով հայտարարությունն ուղարկվեց լրամշակման։ Այսինքն, հիմա պետք է, որ ընթանա ինտենսիվ դիվանագիտական աշխատանք այս ընթացքում։ Գուցե ստացվի ինչ-որ արդյունքների հասնել։ Իսկ եթե չստացվի, ապա դա ոչ պակաս ձախողում կլինի ՀԱՊԿ-ի համար։ Քանի որ փաստացի հարձակում է եղել ՀԱՊԿ անդամ Հայաստանի վրա։ Բայց ելնելով իրենց երկկողմ շահերից, օրինակ՝ Բելառուս-Ադրբեջան, աչք են փակում։ Օրինակ, բոլորս լսեցինք ինչպես է Լուկաշենկոն ասում՝ «Ինչո՞ւ եք կռիվ տալիս էդ սարերի համար», նման ձևակերպումները վնասում են ՀԱՊԿ-ի հեղինակությանը Հայաստանում»։ Ըստ փորձագետի, հակառուսական տրամադրություններ ստեղծվում են հենց ՌԴ-ի կամ ՀԱՊԿ անդամ երկրների կողմից նման ոչ պատշաճ վերաբերմունքի պատճառով։

«Եթե հայ հանրությունը տեսնի ՀԱՊԿ-ից համարժեք գնահատականներ ու վերաբերմունք, ապա վստահեցնում են ձեզ, մեր հանրությունը չունի հակառուսական տրամադրություններ, դրանք առաջանում են համապատասխան վերաբերմունքից։ Եթե մարդիկ տեսնում են, որ ԱՄՆ-ը, Ֆրանսիան դատապարտում են Ադրբեջանի հարձակումն ու այն կոչում ագրեսիա, իսկ իրենց ռազմավարական դաշնակիցը լղոզված ձևակերպումներ է անում՝ դրանից վերաբերմունք է ձևավորվում»։

Ըստ փորձագետի․ «Եթե ՀԱՊԿ-ը, մասնավորաբար, ՌԴ-ն ունի իր շահերը, ուրեմն պետք է Հայաստանին ազնվորեն ասի, որ բավարար միջոցներ չունեմ հանդես գալու որպես քո ռազամավարական դաշնակից ու ճիշտ կլինի փնտրես այլ դաշնակիցների»։

Հարցին՝ արդյո՞ք այս լարված աշխարհաքաղաքական իրավիճակում ճիշտ քայլ կլինի, որ Հայաստանը հայտարարի ՀԱՊԿ-ից դուրս գալու մասին, Հայրապետյանն ասաց․ «Եթե Հայստանին խոստացել են դառնալ ՆԱՏՕ անդամ, գուցե կարելի է մտածել, որ ճիշտ է ու պետք է գնալ, բայց չկա իրական, շոշափելի այլընտրանք։ Ասում են՝ ռուս խաղաղապահների հարցում կան խնդիրներ Արցախում, այո, կան խնդիրներ, ոչ ոք չի ժխտում, բայց չի առաջարկվում այլընտրանք, ավելի ուժեղ միջազգային գործիքակազմով խաղաղապահ զորախմբի տեղակայում, մեխանիզմներ։ Եթե առաջարկվի, դա կարող ենք քննարկել՝ ելնելով մեր պետության շահից, բայց այլընտրանք չի առաջարկվում։ Հետևաբար, ՀԱՊԿ-ից դուրս գալը կարող է նոր խնդիրներ առաջ բերել մեզ համար»։

Նա նկատեց, որ պետք չէ բարդել բոլոր մեղքերը ուրիշների վրա, քանի որ մեծ գործ ունեն անելու ՀՀ իշխանությունները, նրանք պետք է իրենց բաժին աշխատանքը տանեն փակ դռների հետևում։

Նախկին իշխանության ներկայացուցիչները զուգահեռներ են տանում՝ հիշեցնելով, որ 2016-ին, երբ ՀՀ-ն ՀԱՊԿ նախագահող երկիր էր, ապրիլյան պատերազմից հետո հաջողվեց իշխանությանը ՀԱՊԿ-ում ընդունել մի փաստաթուղթ, որում նշվում էր ազգերի ինքնորոշման իրավունքը, Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունների կատարման անհրաժեշտությունը։ Մի բան, որն այսօր չհաջողվեց այս իշխանությանը։ Բազմաթիվ պատճառների հետ մեկտեղ, արդյո՞ք հիմնական պատճառն այն չէ, որ բանակցողը պարտված քաղաքական գործիչ է, որն այլևս ի զորու չէ ի շահ Հայաստանի գործընթաց իրականացնել, հետևաբար ելքը մեկն է՝ Փաշինյանի հեռացումը։

Տաթևիկ Հայրապետյանը նկատեց․ «Խնդիրը ոչ միայն հմտության մեջ է․ երբեմն արվում են հայտարարություններ, որոնք ուղղակիորեն վնասում են գործընթացին։ Դրա մասին ես բազմաթիվ գրառումներ եմ արել ու փաստերով ցույց տվել։ Օրինակ, ի՞նչ է նշանակում՝ Մադրիդյան սկզբունքերով Արցախը ճանաչել են Ադրբեջանի մաս։ Դա ի՞նչ անհեթեթ պնդում է։ Ես դրան պատասխանում եմ այսպես, եթե ճանաչել էին, ինչո՞ւ էր Ադրբեջանը մերժում այդ առաջարկը։ Եթե այս իշխանությունը լիներ հմուտ, խելացի, ապա երբ սեպտեմբերին Ադրբեջանը դիմեց ռազմական գործողությունների, ՀՀ վարչապետը ԱԺ-ում չէր հայտարարի, թե 2 տարի փորձել եմ զենք գնել ու դա չի հաջողվել։ Սա իր ձախողումների մասին խոստովանություն էր»։

Հարցազրույցն ամբողջությամբ դիտեք տեսանյութում։