Բա այս հարցերը «գործի շրջանակից դու՞րս» են, թե՞ «կարված գործերի» վկաներին թվում է, թե ինչ որ գրել են քննիչի կաբինետում, միայն դրա մասին պետք է խոսեն դատարանի ու հանրության առջև
Ռուբեն Մելիքյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է․
«Այսօր Մասիվի դատարանում նախագահ Սերժ Սարգսյանի դեմ քրեական գործով հերթական նիստն էր։
Նիստն անչափ հետաքրքիր էր թե՛ իրավական և թե՛ «իրավաքաղաքական» առումներով, քանի որ հարցաքննվում էր մեղադրանքի հիմնական վկան՝ նախկին (?) գործարար Սևան Քոչարյանը, ում դիմումով էլ հարուցվել էր քրգործը հեռավոր 2019-ին։
Մի քանի նկատառում կներկայացնեմ, որոնք իհարկե սուր ձևով էին դրսևորվում կոնկրետ այս վարույթում, սակայն ունեն ավելի լայն ընդգրկում։ Բայց նախ կներկայացնում հարցի բուն էությունը՝ որ նկատառումներս պարզ լինեն։ Նախագահ Սարգսյանին ու մի քանի այլ անձանց մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, թե իբր 2013-ին «վատնել են» պետական միջոցները, քանի որ դիզվառելիքի մատակարարման մի ծրագրով մրցույթին հաղթող են ճանաչել 440 դրամ առաջարկած «Ա» կազմակերպությանը, այլ ոչ թե 425 դրամ առաջարկած «Բ» կազմակերպությանը։ Թեև պարզ չէ այս ամենի հետ Երրորդ նախագահի առնչությունը, սակայն բուն փաստն առաջին հայացքից կարող է խնդրահարույց թվալ – 425 առաջարկող է եղել, ինչու՞ են տվել 440-ին։ Ու ահա այսօր հարցաքննվում էր «Բ» կազմակերպության անունից 425 առաջարկած անձը։
Պաշտպան Ամրամ Մակինյանի հարցերից պարզ դարձավ պաշտպանության կողմի դիրքորոշումը՝ ապացուցել, որ վկան ունակ չէր ապահովել իր ստանձնած 425-ը, և բնականաբար՝ պաշտպանության կողմը պետք է իրավունք ունենար հիմնավորելու իր այդ վարկածը։
Իսկ ի՞նչ տեսանք դատարանում։ Ամեն անգամ, երբ Ամրամ Մակինյանը հարց էր ուղղում վկային՝ կապված նրա գործարար համբավի հետ, վկան իսկույն վրդովվում էր, դատախազն էլ անմիջապես առարկում էր՝ թե բա «հարցը գործի շրջանակից դուրս է»։
Այսինքն ի՞նչ է ստացվում – կարելի է կարել «գործի շրջանակ», այն «ցանկապատել» ու պաշտպանության կողմին արգելե՞լ ՓԱՍՏԵՐՈՎ ապացուցել, որ գործը կարված է։ Բա «զենքերի հավասարության» գաղափարը ու՞ր մնաց։ Ի դեպ, հատուկ իրավաբանների համար հիշեցնեմ, որ թե՛ 1998թ. և թե՛ 2021թ. քրդատ օրենսգրքերը սահմանում են, որ ապացուցման ենթակա հանգամանքներ են, ի թիվս այլոց, այն բոլոր հանգամանքները, որոնցով պաշտպանության կողմը հիմնավորում է իր դիրքորոշումը (107 հոդված՝ 98-ով, 102 հոդված՝ 21-ով):
Իսկ Մակինյանի հարցերից շատ հետաքրքրքիր հանգամանքներ պարզվեցին, որոնք դատախազության գծած «գործի շրջանակից» դուրս էին. որ վկան 2013-ին գտնվում էր սնանկության վարույթի ներքո, որ վկան 2009 թվին տապալել էր պետական խոշոր մատակարարման պարտավորությունը, որ ի դեմս վկայի՝ 425 առաջարկած կազմակերպությունը չուներ վառելիքի պահեստավորման ու փոխադրման ՍԵՓԱԿԱՆ ենթակառուցվածք, որ վկան փաստացի չուներ 425 դրամ գնի հաշվարկի «բացվածքը», և այլն, և այլն, և այլն։
Բա այս հարցերը «գործի շրջանակից դու՞րս» են։ Թե՞ «կարված գործերի» վկաներին թվում է, թե ինչ որ գրել են քննիչի կաբինետում, միայն դրա մասին պետք է խոսեն դատարանի ու հանրության առջև։
«Գործի շրջանակի» վիշինսկիական մոդելը պետք է կոտրել, և փաստաբանական մեր համայնքն այստեղ հետևողական աշխատանքի լայն դաշտ ունի։
ՀԳ. Հատկապես ուշագրավ էր Ամրամ Մակինյանի հարցը՝ վկայի կողմից 2019-ի մարտին դանոս գրելու ու նույն 2019-ի փետրվարին իր դեմ մի «շատ վատ հայց» ներկայացված լինելու փաստերի միջև կապի մասին՝ հայց, որով վկայի դեմ արդեն առկա է օրինական ուժի մեջ մտած վճիռ, որն այս իշխանությունները այդպես էլ չեն կատարում։ Վկան այս մի հարցին պատասխանե՛ց. ասաց՝ կապը բացակայում է…»։