Երևանում վերաբացվել է Կանադայի հյուպատոսությունը

Երևանում վերաբացվեց Կանադայի հյուպատոսությունը, որը գտնվում է Նորք Մարաշ վարչական շրջանում։ ՀՀ–ում Կանադայի արտակարգ և լիազոր դեսպան Էլիսոն Լը Քլերը նշեց, որ Կանադան 1997 թվականից Հայաստանում ունեցել է հյուպատոսություն, որի նպատակն է եղել Հայաստանում բնակվող, սովորող և ճանապարհորդող կանադացիներին օգնություն տրամադրել։

«Վերջին մի քանի տարում խզվածք եղավ, և մենք հյուպատոսություն չունեինք։ Այսօր հյուպատոսություն բացումը հնարավոր չէր լինի առանց որոշ մարդկանց հետ համագործակցության ու ներդրած ջանքերի։ Հատկանշական է, որ հենց այս տարի ենք բացում Կանադայի հյուպատոսությունը, երբ նշում ենք հայ–կանադական դիվանագիտական հարաբերությունների 30 տարին»,– ասաց Լը Քլերը։

Նա հիշեցրեց նաև, որ Կանադայի արտգործնախարար Մելանի Ժոլին վերջերս հայտարարել է ՀՀ–ում Կանադայի դեսպանատան բացման մասին։

ՀՀ–ում Կանադայի դեսպանը շեշտեց, որ նման քայլերը երկկողմ հարաբերությունների զարգացման հիմնաքարն են։

ՀՀ–ում Կանադայի պատվավոր հյուպատոս Վարդգես Ավագյանը շնորհակալություն հայտնեց, որ իրեն են նշանակել այդ պաշտոնում։ Նա վստահեցրեց, որ պատրաստ է իր ուժերի ներածին չափով ամեն ինչ անել բոլոր ոլորտներում առկա համագործակցությունը զարգացնելու համար։

«Սա հայ–կանադական հարաբերությունների նոր մակարդակ է։ Վստահ եղեք, որ այս հյուպատոսությունը լավագույն ծառայությունները կմատուցի ՀՀ–ում Կանադայի քաղաքացիներին»,– ասաց Ավագյանը։

ԱԳՆ Ամերիկյան երկրների վարչության պետ Արմեն Եգանյանը, որը 2011-2017 թվականներին ՀՀ դեսպանն է եղել Կանադայում, նշեց, որ հայ–կանադական հարաբերությունները վերջին տասնամյակում շատ դինամիկ կերպով զարգացել են։ Եգանյանը նույնպես վերահաստատեց, որ 2023 թվականին ՀՀ–ում կբացվի նաև Կանադայի դեսպանությունը։