ՄԻՊ-ը պարզաբանումներ կպահանջի Ոստիկանությունից

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը տարածել է հայտարարություն, որտեղ ասված է.

«Այսօր Պարոնյան փողոցից քաղաքացիներին բերման ենթարկելու առնչությամբ Մարդու իրավունքների պաշտպանի արագ արձագանքման խումբը մեկնել է Ոստիկանության բաժիններ՝ ապահովելու բերման ենթարկվածների իրավունքների պաշտպանությունը։

Բացի այդ, Պաշտպանը բերման ենթարկման հիմքերի ու անձանց հավաքների ու խոսքի ազատությունն իրացնելու այլ հարցերի վերաբերյալ պարզաբանումներ կպահանջի Ոստիկանությունից։

Այս պահին ՄԻՊ-ին հայտնի է 6 բերման ենթարկվածի մասին։ Նրանցից 2-ը բերման են ենթարկվել Ոստիկանության Արաբկիրի բաժին, 4-ը՝ Ոստիկանության Էրեբունու բաժին»։

Հիշեցնենք, որ այսօր ՀԱՊԿ-ի և ՌԴ-ի դեմ բողոքի ակցիայի մասնակիցներից մի քանիսին ոստիկանությունը բերման էր ենթարկել։ Նրանց թվում էր նաև Տիգրան Խզմալյանը։