Փաշինյանը փորձում է քողարկել իր իշխանության սերտաճումը որոշ նախկինների հետ (տեսանյութ)

LIVEnews.am-ի «Երկրորդ կարծիք» հեղինակային հաղորդաշարի հյուրն է «Հայրենիք» կուսակցության անդամ Բաբկեն Հարությունյանը։

Այսօր «Դվին» հյուրանոցում անցկացվելու է ՀԱՊԿ երկրների ղեկավարների գագաթնաժողովը, որի ժամանակ քննարկվելու է նաև Հայաստանի սահմանների հարցը։ Հաղորդման հյուրից հետաքրքրվեցինք, թե ինչ սպասելիքներ ունի այս միջոցառումից, արդյո՞ք դրա ավարտին հայանպաստ հայտարարություններ կընդունվեն, ինչպես 2016 թվականին։ Բաբկեն Հարությունյանն ասաց, որ ընդհանրապես ՀԱՊԿ-ից մեծ սպասելիքներ պետք չէ ունենալ, վերջին դեպքերը ՀԱՊԿ-ին օգնության կանչելու հետ կապված, դրա մասին են վկայում։ Մյուս կողմից էլ պետք չէ թերագնահատել կազմակերպության դերը Հայաստանի համար, բայց ասել, որ այն ամբողջությամբ բավարարելու է հայկական կողմի սպասելիքները, իրատեսական չէ։ Ամեն դեպքում նրա կարծիքով՝ Արցախի ճակատագրի, Հայաստանի սահմանների խնդիրը լուծելու որոշիչ դերը Ռուսաստանն է ստանձնելու։ Ռուսաստանի շահերից է բխում, որ տարածաշրջանում կայունություն լինի մինչև Ուկրաինայի պատերազմում հստակություն առաջանալը։ Ուստի այսօր Հայաստանի առաջ ժամանակ շահելու խնդիր է դրված։

Հաղորդման ժամանակ անդրադարձանք ադրբեջանական սահմանային ագրեսիայի նկատմամբ ԵՄ քաղաքացիական առաքելություն իրականացնող դիտորդների չեզոք դիրքին։ Եվ այդպիսի վարքի դրսևորման դեպքում Բաբկեն Հարությունյանը մտահոգություն հայտնեց, որ Ադրբեջանը կարող է մոտ ապագայում հերթական լայնածավալ ագրեսիան իրականացնել, քանի որ դժգոհ է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման ուղղությամբ ընթացող գործընթացներից։

«Հայրենիք» կուսակցության անդամը խոսեց նաև վերջին քրեական հետապնդումներից՝ Արմեն Աշոտյանի, Գագիկ Բեգլարյանի նկատմամբ։ Ըստ նրա՝ գործեր հարուցելն այս իշխանություններն օգտագործում են իբրև ճնշման լծակ և ոչ ամենևին՝ արդարադատության վերականգնման փորձ։ Մեկի նկատմամբ քաղաքական հետապնդում են իրականացնում, մյուսին օգտագործում են այս կամ այն նպատակների համար՝ պարտադրելով համագործակցել իրենց հետ։ Այս իշխանությունների օրոք իրավական, սոցիալական արդարությունը գերակա չէ, ինչպես որ ժողովրդին խոստացել էին մինչև իշխանության գալը։ Փաշինյանն այդ մեթոդներն օգտագործում է իր կուսակցութան քաղաքական նպատակների համար, իր իշխանությունը երկարաձգելու համար։ Իսկ դատական համակարգն ընդամենը գործիք է այդ նպատակներին ծառայեցնելու համար։

Մանրամասները՝ տեսանյութում