Ղազախստանի նախագահը ժամանել է Երևան

Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը ժամանել է Երևան՝ մասնակցելու Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության Հավաքական անվտանգության խորհրդի (ՀԱՊԿ ՀԱԽ) նստաշրջանին, որը տեղի է ունենալու Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախագահությամբ։

ՀԱԽ նստաշրջանին, ինչպես սպասվում է, կմասնակցեն Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը, Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը և Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնը։ Հանդիպմանը կմասնակից ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը։

ՀԱԽ անդամները կքննարկեն միջազգային և տարածաշրջանային անվտանգության արդիական հարցերը և Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գործունեության հիմնական արդյունքները նստաշրջանների միջև ընկած շրջանում: Ամենակարևոր հարցերից մեկը կլինի ՀԱՊԿ ճգնաժամային արձագանքման համակարգի կատարելագործումը և Հայաստանին օգնություն տրամադրելու համատեղ միջոցառումների քննարկումը։

ՀԱԽ նստաշրջանի ընթացքում նախատեսվում է Հավաքական անվտանգության խորհրդի հռչակագրի ընդունում։

Հաշվի առնելով ՀԱՊԿ-ում 2022-2023թթ. նախագահության անցումը Բելառուսին՝ նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն կներկայացնի երկրի առաջնահերթությունները, որոնք պետք է իրականացվեն հաջորդ տարի։

ՀԱԽ առաջիկա նիստի օրակարգում են մի շարք փաստաթղթերի ստորագրումը, որոնք վերաբերում են խաղաղապահ ուժերին ժամանակակից սպառազինությամբ, ռազմական և հատուկ տեխնիկայով զինելուն, ՀԱՊԿ-ին ռադիացիոն, քիմիական ու կենսաբանական պաշտպանության և բժշկական աջակցության համատեղ ձևավորմանը, ինչպես նաև «Наëмник» օպերատիվ-կանխարգելիչ միջոցառումների համալիրին տարածաշրջանային հակաահաբեկչական գործողության կարգավիճակ տալու հարցը։ Կքննարկվի ՀԱՊԿ 2023թ. բյուջեն։

Առաջիկա ռոտացիայի հետ կապված՝ 2023թ. հունվարի 1-ից Հավաքական անվտանգության խորհուրդը կքննարկի կազմակերպության գլխավոր քարտուղարի հարցը։